Բժշկության մեջ էլ երաժշտություն կա
Տեղադրվել է 14-01-2010
Բժիշկների համաշխարհային նվագախմբի համերգին ելույթ կունենան նաեւ հայ երիտասարդ բժիշկներ:
Երկու տարի առաջ 400 բժիշկների միավորեց երաժշտությունը: Նրանց աշխարհի տարբեր մայրցամաքներից համախմբեց ազգությամբ գերմանացի, Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխն ու ստեղծեց Բժիշկների համաշխարհային նվագախումբը:
Այս յուրօրինակ նվագախումբը տարեկան 2-3 համերգ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Համերգից 4 օր առաջ նրանք հավաքվում են մի վայրում, փորձեր անում: Նվագախմբի բոլոր համերգները բարեգործական են, եւ դրանցից ստացված հասույթը ծառայում է մարդկանց առողջական խնդիրների լուծմանը: «Մեր անդամներն իրենք են իրենց գրպանից վճարում այս կամ այն երկիր մեկնելու, կեցության ծախսերը: Դա մենք անում ենք հանուն առողջության եւ անում ենք երաժշտության միջոցով»,- ասում է Շտեֆան Վիլլիխը:
Հայաստանյան համերգին նվագելու են 80 բժիշկ-երաժիշտ: Բեմում նաեւ 6 հայ բժիշկ է լինելու: Քույր եւ եղբայր Խաչիկյանները եւս մասնակցելու են հունվարի 17-ի համերգին: Նրանք` երկուսն էլ Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ են: Ռուբենն ապագա ատամնաբույժ է, սովորում է օրդինատուրայում, իսկ Մարիան դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է:
Երիտասարդներն ավարտել են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը. ջութակ են նվագում: «Վաղուց է, որ չենք նվագել, այսօր առաջին փորձն ենք արել նվագախմբի հետ, ու շատ հետաքրքիր էր: Մեծ հաճույք է նվագելը, շփվելը 12 տարբեր ազգության երաժիշտների հետ, ովքեր նաեւ բժիշկներ են` ճիշտ մեզ պես»,- Youth.am-ի թղթակցի հետ զրույցում նշում էին Ռուբենն ու Մարիան: Նրանք արդեն նոր համերգի առաջարկ են ստացել. նվագախմբի կազմում այս տարի` աշնանը, կմասնակցեն Բեռլինում կայանալիք համերգին:
Ի դեպ, կազմակերպիչները մի հաճելի անակնկալ են պատրաստել երաժշտասերների համար: Քանի որ հունվարի 17-ի համերգի տոմսերն արդեն սպառված են, ուստի հունվարի 16-ին` ժամը 16.00-ին, ցանկացողները կարող են վայելել նվագախմբի մեկ համերգ եւս. ընդ որում` մուտքն ազատ կլինի: