«Թատերական ամիս, բանավեճի փառատոն»
Տեղադրվել է 26-02-2010
www.eritasard.am-ի թղթակիցը զրուցել է «Թատրոն X» թատերական փառատոնի մարզային ծրագրերի պատասխանատու Էմին Թորոսյանի հետ:
Մարտի 2-ին կմեկնարկի «Թատրոն X» թատերական 3-րդ փառատոնը, որին մասնակցելու են նաեւ մարզային թատրոններ եւ թատերախմբեր: Փառատոնի առանցքային մասը կազմող մարզային ծրագիրը մարտի 20-ին կմեկնարկի Գյումրիում:
«Թատերական ամիս, բանավեճի փառատոն» կարգախոսով առաջնորդվող փառատոնն իր տեսակով եզակի է ոչ միայն բեմադրություններից հետո կազմակերպվող քննարկումներով: «Թատրոն X»-ում ընդգրկված մարզային թատրոնները ոչ թե գալիս են Երեւան, այլ հանդիսատեսին հյուրընկալում են իրենց թատրոնի շենքում:
-Ողջույն, Էմի՛ն: «Թատրոն X»-ի մասին խոսելիս դու միշտ առանձնացնում ես մարզային հատվածը: Ինչո՞վ է յուրահատուկ այս փառատոնի մարզային քաղաքականությունը:
-Փառատոնի մարզային գործունեության հիմնական առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս նմանօրինակ փառատոների` մարզային թատրոնները խաղում են իրենց մարզում` իրենց թատրոնում: Այլ դեպքում մարզի ներկայացուցիչները գալիս են Երեւան, նրանց բեմ եւ անհրաժեշտ պարագաներ են տրամադրվում, նրանք խաղում են, ժյուրին «ասում է` լավ է կամ վատ է»: Իսկ թե ինչու է վատ, այդպես էլ «գաղտնիք» է մնում: Հենց այդ վատի սուբյեկտիվ ու հատկապես օբյեկտիվ պատճառները գտնելու համար էլ «Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, փառատոնի ժյուրին, կազմկոմիտեն, թատերական արվեստի մասնագետներից ու լրագրողներից կազմված խումբը գնում են տեղում դիտելու բեմադրությունը: Փառատոնի սկզբունքի համաձայն` մարզեր մեկնող շուրջ 25-հոգանոց խումբը բեմադրությունից հետո մասնակցում է բանավեճ-քննարկմանը: Իրենց կարծիքն ու եզրակացությունները հայտնելու հնարավորություն են ստանում ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչները: Ստեղծագործական խմբի հետ նեղ մասնագիտական զրույց-բանավեճից հետո քննարկմանն է միանում նաեւ հանդիսականը:
Փառատոնի այս ձեւաչափն օգնում է ոչ միայն տեղի թատերական կյանքի ակտիվացմանը, այլեւ պատճառահետեւանքային կապի հնարավորինս հստակեցմանը, այսինքն` թե ինչպես է հաջողվել լավ բեմադրություն ստանալ, կամ ինչը չի ստացվել եւ ամենից կարեւորը`թե ինչու:
-Քննարկումները խնդիրները հստակեցնելու, դրանց մասին բարձրաձայնելու լավ միջոց են, իսկ փառատոնը ի՞նչ ուղիներ է առաջարկում դրանց լուծման համար:
-Փառատոնի շրջանակում կազմակերպվող քննարկումներն ինքնանպատակ չեն: Փառատոնին ոչ միայն աջակցում, այլեւ անմիջական նախաձեռնողն է ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի: Այս պարագայում խնդիրների մասին ոչ միայն լսում, այլեւ անմիջականորեն դրանց ականատես են լինում նախարարության եւ մարզպետարանի ներկայացուցիչները: Նրանց ներկայությունը հնարավորություն է տալիս կանխավ իմանալու, թե պետությունն ինչ է անում կամ ինչ կարող է անել այդ ուղղությամբ, եւ որքանով է հնարավոր տվյալ խնդրի լուծումն առաջիկայում:
Խիստ կարեւոր է պետության աջակցությունը այսօրինակ փառատոնին իբրեւ ռազմավարական պլանի մի մաս, որովհետեւ ինչքան էլ լավ միջազգային թատերական փառատոներ ունենանք, ինչն այլեւս փաստ է, էական է առանձին, մասնագիտական հայացքով նայել նաեւ ներսի արտադրանքին, զգալ զարգացման միտումները, «որսալ» եւ հնարավորության դեպքում վերացնել դրանց խոչընդոտող հանգամանքները: Այս համատեքստում «Թատրոն X»-ը մի շատ կարեւոր գործառույթ եւս ունի: Այն օգնում է, որ երկրում գործող մասնագետներն իրար ճանաչեն, ամրապնդվեն Երեւան-մարզեր-Արցախ մասնագիտական եւ միջանձնային կապերը:
-2 տարվա փորձը, թերեւս, բավարար է մարզային թատերական աշխարհում առկա խնդիրների մասին հստակ պատկերացում կազմելու համար: Կազմակերպիչներն ի՞նչպես են ընդունում եւ «մշակում» այդ տեղեկատվությունը:
-Փառատոնն ինչ-որ տեղ հաշվետվության բնույթ ունի. ներկայացվում են նախորդ տարվա լավագույն աշխատանքները: Ամեն տարի` փառատոնի վերջում, ժյուրին պարզում է տարվա ձեռքբերումն ու բացթողումները, որոշում հետագա անելիքները: Խնդիրները շատ են ու բազմազան, բայց մի բան հստակ է` բեմադրության վրա իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաեւ թատրոնի նյութական պայմանները: Գնում ես, օրինակ, Գավառի թատրոն ու տեսնելով զարմանում, թե ինչպես կարելի է այնտեղ աշխատել: Վստահ եմ` եթե մարդու` իր գործի նկատմամբ ունեցած սերն ու հավատը մի քիչ պակասեին, ապա այդ թատրոնում նա պարզապես չէր աշխատի. բացակայում են տարրական պայմանները, չկա ո՛չ կուլիս, ո՛չ հատակ, ո՛չ ջեռուցում… Կարծես խորհրդային տարիներից մնացած մի լքյալ տարածք լինի, որտեղ, սակայն, մեզ նման մարդիկ աշխատում ու ստեղծագործում են: Այդ ամենը տեսնելը, դրա մասին խոսելն ու գրելը, համապատասխան պաշտոնյաներին այդ գործընթացում ներգրավելը խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհներից է:
«Թատերական ամիս, բանավեճի փառատոն». «Թատրոն X»-ն այս կարգախոսով է առաջնորդվում: Հիմքում քննարկումն է, բանավեճը, սակայն ոչ թե միջանձնային հարաբերությունների, այլ մասնագիտական դատողությունների եւ դիտարկումների հիման վրա, հնարավորինս` օբյեկտիվ եւ սթափ:
-Եթե բեմադրությունները նախամրցութային փուլի չեն մասնակցել, ապա ինչո՞ւ մարզային հիմնական թատրոններից ոչ բոլորն են մասնակցության ցանկություն հայտնել:
-Մասնակցության սահմանափակում չի եղել, եւ բոլոր` փառատոնին դիմած մարզային թատրոններն ու թատերախմբերն ընդգրկվել են ծրագրում: Սակայն վերոնշյալ խնդիրների պատճառով որոշ թատրոններ չեն կարողացել հյուրընկալել մեզ: Նրանց` մասնակցությունից հրաժարվելու տեխնիկական պատճառների մասին եւս պետք է բարձրաձայնվի փառատոնի շրջանակում, որովհետեւ հյուրընկալելու հնարավորություն չունենալն ինքնին խնդիր է, որի լուծմանը կարող է «Թատրոն X»-ը ինչ-որ չափով օգնել:
-«Թատրոն X» «բեմադրության» մեջ ի՞նչ դեր են «ստացել» երիտասարդները:
-«Թատրոն X»-ը նաեւ երիտասարդներին աշխուժացնող գործիք է: Նախ փառատոնը փորձի եւ ոլորտում հմտանալու հրաշալի առիթ է այն երիտասարդների համար, ովքեր թատրոնն ու թատերական արվեստն ընտրել են որպես մասնագիտություն: Բացի դրանից` երիտասարդները նաեւ մեր ամենաակտիվ հանդիսականներից են: Դա առավել կազմակերպված է իրականացվում մարզերում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը կից գործող «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները կազմակերպչական աշխատանքներում ամեն կերպ աջակցում են մեզ եւ իրենց մարզերում արդեն իսկ սկսել են «թատերական եռուզեռը»:
-«Թատրոն X»-ի մասին լրագրողների արձագանքները հիմնականում վերաբերում են փառատոնի մարզային հատվածին: Ի՞նչ ես կարծում` ինչո՞ւ:
-Իսկապես այդպես է, ու շատ լավ է, որ դա նկատելի է, որովհետեւ մենք ինքներս էլ շեշտադրումն անում ենք մարզերի վրա: Գուցե բոլորն էլ ասում են, որ մարզերը հետ են մնում, մարզերի հետ կապված շատ խնդիրներ կան, բայց այդ մասին պետք է խոսել անընդհատ, որովհետեւ դա իսկապես այդպես է: Նորություն չէ, որ հաճախ Հայաստան ասելով մենք միայն փոքրիկ Երեւանը նկատի ունենք: Այնինչ մարզերն էլ են ապրում, ու այնտեղ մարդկանց ու հատկապես երիտասարդների համար կյանքն ավելի դժվար է. դժվար է նաեւ ստեղծագործական առումով: Երեւի այս գործում ինչ-որ բարի միտում են զգում ԶԼՄ ներկայացուցիչները: Ծրագիրը ներկայացնելուց հետո գրեթե բոլորը հաճույքով միանում են, հատկապես երբ լսում են «մարզեր» եւ «մշակույթ» բառերի համադրությունը:
Մանե Մադոյան