«Հայերը 6000 տարի առաջ էլ գինեգործությամբ են զբաղվել»
Տեղադրվել է 10-06-2010
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:
2007 թվականին Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի արշավախումբը Արփայի հովտի քարանձավներից մեկի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերում է բազմաթիվ բացառիկ իրեր: Այդ քարանձավում է, ի դեպ, նկարահանվել նաեւ հայկական «Կարոտ» ֆիլմը: Արդեն երեք տարվա պեղումները լի են եղել բացահայտումներով, որոնց մասին հնէաբանները միայն այսօր են բարձրաձայնում: Մենք ինստիտուտ գնացինք` աշխարհի ամենահին կոշիկի հետքերով, բայց գտանք նաեւ շատ այլ հետաքրքիր փաստեր, որոնց մասին պատմում է ինստիտուտի տնօրենը:
-Պարո՛ն Ավետիսյան, բոլորովին վերջերս աշխարհը սկսեց խոսել Արենիում գտնված աշխարհի ամենահին կոշիկի մասին: Ի՞նչ ուրիշ բացահայտումներ կան, որոնց մասին դեռ չեք բարձրաձայնել:
-Կոշիկը, որի մասին այսօր արդեն իսկ գրել է աշխարհահռչակ «New York Times»-ը, հնէաբանների համար բացառիկ է ու անչափ հետաքրքրական, բայց պիտի խոստովանել` դրանով ամեն ինչ չի սահմանափակվում: Ձեռք են բերվել ահռելի քանակությամբ բազմաբնույթ նյութեր, որոնք հրաշալի պահպանված են: Սա եզակի դեպք է հնագիտության մեջ, երբ նյութն իր նույն տեսքով հողի մեջ պահպանվի այդքան երկար ժամանակ, քանի որ սովորաբար մենք գործ ենք ունենում մնացորդների, հետքերի հետ: Դա նշանակում է, որ աշխարհի գիտնականների համար ցորենի հատիկը, միրգը կամ մրգի կորիզը` ամբողջությամբ պահպանված տեսքով, ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել: Նմանատիպ ուսումնասիրությունը տասնապատիկ ավելի երաշխավորված տվյալներ կարող է տալ գիտությանը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք պատկերացում կունենանք, թե ինչով է պղնձե դարի կամ էնեոլիթյան ժամանակաշրջանի մարդն ապրել, ինչպես է զբաղվել անասնապահությամբ, երկրագործությամբ, պտուղների վերամշակմամբ… Ի դեպ, խաղողի գտնված մնացորդներն ու հողի մեջ գտնված տարրաներն ապացուցում են, որ դեռեւս 6000 տարի առաջ Հայաստանում խաղող են մշակել, գինեգործությամբ զբաղվել: Իհարկե, դեռ վաղ է այդ մասին վստահ բարձրաձայնելու համար, քանի որ այդ գտածոները դեռեւս լաբորատոր քննություն պետք է անցնեն:
-Ի՞նչ այլ բացառիկ հատկանիշներով է օժտված Արենիի քարանձավը, եւ ի՞նչ կարելի է դեռ ակնկալել:
-Սա առաջին դեպքն է, երբ մենք մ.թ.ա. 4200-3500թթ. թվագրվող հուշարձան ենք պեղում Հայաստանի տարածքում: Այսինքն` դա հնարավորություն է տալիս լրացնելու այն բացը, որ կա հայկական հնագիտության մեջ: Հիմա, երբ շարունակվեն պեղումները, գուցե ավելի խորը շերտեր էլ հայտնաբերվեն: Այսօր մենք այնտեղից ոչինչ չենք հանում` բացի փոքր բեկորներից: Ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես հազարամյակներ առաջ: Քարայրի պահպանվածության ամենամեծ գաղտնիքը միկրոկլիման է եւ ժամանակին այնտեղ պահված անասունների թրիքի տաքությունը, որի չոր ու տաք շերտի տակ պահպանվել է այդ ամբողջ «հարստությունը»: Այլապես կաշին չպետք է պահպանվեր հողի մեջ, ինչպես նաեւ` թուղթը, որը 50 տարի է միայն պահպանվում, իսկ Արենիի քարանձավում գտնվել է ձեռագիր, որը 13-14-րդ դարերով է թվագրվում:
-Խոսենք նաեւ այն գանգերի մասին, որոնք նույնպես հայտնաբերվել են այդ պեղումների ընթացքում: Կարծեմ` դրանք բոլորն էլ դեռահաս աղջիկների գանգեր են…
-Նախ նշեմ, որ գանգերից մեկի մեջ`ճակատային մասում, ուղեղի մնացորդ է պահպանվել: Եթե ուղեղն է պահպանվել, ուրեմն ամեն ինչ կպահպանվեր այդտեղ…
Ուշ քարե դարում ծես կար, երբ մարմինը մի տեղ էր թաղվում, գլուխը` մեկ այլ տեղ: Հավանաբար դա հենց այդ ծեսի արդյունքն է: Դա նշանակում է` եղել է գանգի պաշտամունք: Պատճառը չեմ կարող ասել, թե ինչու միայն երիտասարդ աղջիկների գանգեր են, ընդ որում` կավե շրջանակի մեջ առնված: Դեռ շատ բաներ պետք է պարզենք, որպեսզի համեմատենք այս կամ այն ծեսը ու գտնենք լուծումը:
Հին ժամանակի մարդն ամեն բան կապում էր աստվածների հետ` տնտեսությունը, առօրյա կյանքը, մարդկային հարաբերությունները, այսինքն` ամեն բան առասպելաբանված էր: Նման բացահայտումներ կատարելիս մենք չպետք է մոռանանք, որ հին մարդու առասպելական պատկերացումները միախառնված են ամեն ինչի հետ:
-Ինչպիսի՞ շարունակություն են ունենալու աշխատանքները, թե՞ դրանք արդեն իրենց հանգուցալուծմանն են հասել:
-Դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ամեն մի մասնագետ իր գծով վերակազմություն կատարի ու ասի, թե ինչպիսին է եղել հին մարդու կացարանի ինտերիերը, առօրյան կամ ապրելակերպը: Բացի դրանից` դեռ շատ է հողը, որ պիտի մաղվի: Բոլոր դեպքերում, մինչ այժմ եղած հուշարձանների համեմատությամբ, այն մեծ քանակությամբ ինֆորմացիա է տալիս անցյալի մասին:
Շուտով կգան Կալիֆորնիայի եւ Իռլանդիայի համալսարանների մեր գործընկերները, եւ աշխատանքներն օրերս կշարունակվեն: Պեղումը կարող է տեւել 1 ամիս, իսկ պեղումների արդյունքների ուսումնասիրությունը` մի քանի տարի:
Հարցազրույցը վարեց Ջուլիետ Առուշանյանը