Ովքե՞ր են մեղավոր «էքստեռն» փոխադրումների համար
Տեղադրվել է 22-06-2010
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս մի շարք հարցադրումներ էր ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` կրթության ոլորտի օրենսդրության խախտմամբ 2010 թվականի միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած 39 դիմորդների վերաբերյալ: Օմբուդսմենի հարցերին նախարարությունը պատասխանել է սեփական կայքում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Արդյո՞ք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ բուհ ընդունվելու հայտ ներկայացնելու, այսինքն` համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում:
-ՀՀ կրթության պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում 10-րդ եւ 11-րդ դասարանների շուրջ 3500 աշակերտ, իրենց դիմումների համաձայն, տարբեր պատճառներով ազատվել են դպրոցից: Ուսումը համապատասխան դպրոցներում ընդհատած աշակերտների անվանացանկը համադրվել է ԳԹԿ` միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած աշակերտների անվանացանկի հետ, որի արդյունքում պարզվել է, որ նրանցից 39-ը դիմորդներ են, որոնք ազատված են տարբեր դպրոցների 10-րդ կամ «թռիչքով» 11-րդ դասարանների աշակերտական համակազմից: Նրանք ԳԹԿ միասնական քննություններին մասնակցելու հայտագրվածների անվանացանկերում հայտնվել են այլ դպրոցներից:
-Դպրոցն ավարտելու համար ո՞ր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները:
-Ուսումն ընդհատած կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված եւ դպրոցի աշակերտական համակազմից հանվածների հետագա ուսումը կկազմակերպվի 12-ամյա կրթական ծրագրերին համապատասխան դասարաններում:
-Ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգերով են տեղյակ պահել այդ մասին):
-ՀՀ կրթության եւ գիտության նախարարը բազմիցս իր հրապարակային ելույթներում, մամուլի ասուլիսներում, ինչպես նաեւ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր տնօրեններին ու ծնողներին` զերծ մնալ ապօրինի գործողություններից եւ տեղեկացրել, որ հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ իրականացվելու է վերահսկողություն:
Նկատի ունենալով, որ դիմորդներն ուսումն ընդհատած աշակերտներ են եղել, եւ նրանց` որպես դիմորդի հայտագրման մասին նախօրոք տեղեկատվություն չի եղել, իսկ նրանց անվանացանկը համադրման արդյունքում ճշգրտվել է ԳԹԿ-ում, ապա ԳԹԿ-ն որպես արագ ծանուցման միջոց ընտրել է հեռախոսակապը:
-Եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում արդյոք էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու` նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում:
-Նկատի ունենալով, որ 2009-2010 ուսումնական տարվանից անցում է կատարվել եռամյա ավագ դպրոցի, եւ ավարտվում է 11-ամյա միջնակարգ կրթության տեւողությունը, տվյալ դեպքում էքստեռն կարգով փոխադրումը կստացվեր ոչ թե 1, այլ 2 տարով:
Հաշվի առնելով, որ միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում, ուստի միայն միասնական քննություններին մասնակցությունը չի ապացուցում, որ դիմորդը լիարժեք յուրացրել է եռամյա ավագ դպրոցի ծրագիրը: Մասնավորապես տվյալ դեպքում հաշվառված չլինելով որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում` նշված 39 դիմորդները չէին կարող մասնակցել մյուս առարկաներից ավարտական պետական քննություններին եւ ունենալ ամփոփիչ տարեկան գնահատականներ: Արդյունքում` չէին կարող ստանալ միջնակարգ կրթության ատեստատներ եւ ընդունվել բուհ:
-Ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետեւանքով տուժեն աշակերտները, ովքեր որեւէ իրավական ակտ չեն խախտել:
-Ուսումն ընդհատած կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված եւ դպրոցի աշակերտական համակազմից հանվածները կշարունակեն իրենց հետագա ուսումը եռամյա ավագ դպրոցի համապատասխան դասարաններում` առանց որեւէ խոչընդոտների, եթե, իհարկե, կցանկանան:
Իսկ այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել ՀՀ օրենսդրության խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Ուսումնասիրության վերջնական արդյունքները եւ դրանցից բխող խնդիրների վերաբերյալ ընդունված համապատասխան որոշումները կհրապարակվեն:
Ջուլիետ Առուշանյան