Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 18:44
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
NewsInterviewAnalyticsGallery
Քննարկվեցին երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրները
Տեղադրվել է 29-06-2010
ԵՊՀ-ն այսօր համախմբեց հանրապետության կարիերայի ոլորտի մասնագետներին:
«Ուսանողների եւ շրջանավարտների կարիերայի խնդիրներն արդի աշխատաշուկայի համատեքստում». սա ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կազմակերպած հանրապետական սեմինար-քննարկման խորագիրն է: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի մի շարք բուհերի կարիերայի կենտրոնների, ոլորտի պատասխանատու պետական մարմինների եւ գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` երիտասարդների զբաղվածության խնդիրը, բացի սոցիալականից, մեր երկրում նաեւ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ աշխատատեղի պակասը նոր սերնդին ստիպում է աշխատանք փնտրել դրսում, այսինքն` տեղի է ունենում ուղեղների արտահոսք: Արամ Սիմոնյանի կարծիքով` շատ թույլ է գործատու-բուհ կապը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Խոսելով քաղծառայության համակարգի մասին` Մանվել Բադալյանը ցավով նշեց, որ մրցույթների 20-22 տոկոսում հաղթող չի արձանագրվում, ինչը խոսում է դիմորդների ոչ բավարար գիտելիքների մասին: Մյուս կողմից էլ լինում են դեպքեր, երբ մի տեղի համար պայքարում հաղթում են տասնյակները, բայց աշխատանքի է անցնում նրանցից մեկը:

«Ամենից շատ ես վախենում եմ, որ երիտասարդները կհուսահատվեն: Ես ուսանողուհի եմ ունեցել, ով 23-րդ մրցույթում հաղթելուց հետո է միայն նշանակվել»,- նշում է Քաղծառայության խորհրդի նախագահը եւ տեղեկացնում, որ սեպտեմբերից կգործի նոր համակարգ, ըստ որի` քննությունների շեմը հաղթահարած դիմորդներին կտրամադրվեն հավաստագրեր, որոնք կվկայեն դիմորդի մասնագիտական ներուժի մասին:

Մանվել Բադալյանը նաեւ գիտակցում է, որ ցածր աշխատավարձի պատճառով հաճախ պետական հատվածը չի գրավում երիտասարդներին, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտություններն ավելի բարձր են գնահատում: «Պետական ծառայող լինելը նաեւ մարդու տեսակ է, կոչում եւ նույնիսկ առաքելություն»,- համոզված է պարոն Բադալյանը:

Երիտասարդների զբաղվածության խնդիրը շատ են կարեւորում նաեւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում, որտեղ նույնիսկ դրա հետ կապված հստակ թվեր կան: «21.000 երիտասարդ այսօր հանրապետությունում ունի աշխատանքի խնդիր. նրանցից 14.000-ը առաջին անգամ աշխատանք փնտրողներ են: Իսկ ահա աշխատանք ունեցողների 56 տոկոսն աշխատում է ոչ իր մասնագիտությամբ»,- փաստում է գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Նա նաեւ մատնանշում է այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց աշխատանք փնտրելիս առավել հաճախ հանդիպում են երիտասարդները. մասնագիտության սխալ ընտրություն, կրթության մակարդակի անհամապատասխանություն գործատուի պահանջներին, իսկ ամենակարեւորը` աշխատանքային փորձի պակաս:

Շրջանավարտների` աշխատանքի տեղավորելու խնդիրը տարբեր բուհերում տարբեր կերպ է լուծվում: Դրանցից մի մասում գործում են կարիերայի կենտրոններ, մյուսներում այդ խնդիրներով զբաղվում են պատասխանատու անձինք: «Մեր հիմնական խնդիրն է մշակել ձեւաչափեր` միմյանց հետ համագործակցելու համար»,- բուհերի գործընկերներին է դիմում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ առաջարկում տարեկան գոնե 1-2 անգամ հանդիպել ու երկխոսություն ծավալել:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրն ավելի հեշտ է ընթանում, քան մյուս բուհերում, քանի որ գործունեության ոլորտը նեղ է: Բուհի պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը նշում է, որ հատկապես սերտ են կապերը ՀՀ առողջապահության նախարարության եւ մարզերի բուժհաստատությունների հետ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կարիերայի կենտրոնն առաջիններից էր, որ տարիներ առաջ սկսեց գործել հանրապետությունում: Այսօր նրանք արդեն հրատարակած ձեռնարկ ունեն` «Կարիերայի պլանավորման գործընթաց» խորագրով, որն էլ սիրով նվիրեցին ԵՊՀ-ին:

Պակաս հարուստ պատմություն չունի նաեւ միջոցառման գլխավոր կազմակերպիչը` ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Հիմնադրվելով 2006 թվականին` այն բազմաթիվ կապեր է ստեղծել թե՛ պետական, թե՛մասնավոր սեկտորում: Հաջողված կապերից մեկն էլ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հետ է, որի արդյունքում հեղինակավոր այս կառույցում բազմաթիվ շրջանավարտներ են աշխատանքի տեղավորվել:

Ի դեպ, ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի օգնությամբ համալսարանականները ոչ միայն աշխատանք են գտնում, այլեւ պրակտիկա են անցնում տարբեր կազմակերպություններում, ինչպես նաեւ մասնակցում զանազան դասընթացների ու սեմինարների:

Ջուլիետ Առուշանյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am