Համալսարանն ինտերնետում
Տեղադրվել է 02-07-2010
Նոր ժամանակները թելադրում են նոր կանոններ: Այսօր համալսարանի ծնունդն էին նշում:
Վիրտուալ համալսարանն արդեն մեկ տարեկան է:
Հայկական վիրտուալ համալսարանը կամ, ինչպես նրան «դիմում են» կրճատ` ՀՎՀ-ն, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» նորագույն ուսումնական հաստատություն է, որը կրթության բոլորովին նոր տարբերակ է առաջարկում:
«Ծնվելով» նախորդ տարվա հունիսին եւ դառնալով հայկական առաջին օն-լայն համալսարանը` ՀՎՀ-ն բոլորովին նոր հնարավորությունների հիմք դրեց եւ մինչ այժմ անիրական թվացող հորիզոններ բացեց: Թվայնացված դարաշրջանի օն-լայն համալսարանի գլխավոր նպատակը հայեցի կրթությունը նաեւ սփյուռքի ու առհասարակ բոլոր ցանկացողների համար իրականություն դարձնելն է:
Հայկական վիրտուալ համալսարանում գործում են երեք` լեզվի, պատմության ու մշակույթի ֆակուլտետներ: Եւ որպեսզի նպատակն արդարացվի, ու հայեցի կրթությունը մատչելի ու հասանելի լինի բոլոր ցանկացողների համար, այն իրականացվում է 6 լեզուներով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:
Մեկ տարվա ընթացքում համալսարանն անցկացրել է 4 ուսումնական շրջան, որոնց մասնակցել են 35 երկրների 500 ուսանողներ:
Չնայած համալսարանի գործունեության չափազանց կարճ ժամանակահատվածին` այն ձեռք բերվածով չի սահմանափակվում: Պարբերաբար ուսումնասիրվում եւ արդիականացվում են ծրագրերը, դասավանդման մեթոդները, քաղաքականությունն ու գործունեությունը: Ի վերջո, բարձր տեխնոլոգիաների չափազանց արագ զարգացող դարաշրջանում պետք է անել ամեն ինչ, որ հնարավորինս բավարարվեն ուսանողության արդի պահանջները:
Ուսուցումն այս համալսարանում իրականացվում է խառը մեթոդով. օն-լայն ուսուցումը համադրվում է ավանդականի հետ: Խառն ուսուցման մեթոդի կիրառման ընթացքում դասը վերահսկվում է երկու դասատուների` ՀՎՀ ուսուցչի եւ դասվարի կողմից:
Լիլիթ Գրիգորյան