Բարի՛ երթ, ձե՛զ
Տեղադրվել է 08-07-2010
Մեր քաղաքի «դիպլոմավոր» լեզվագետների, լեզվաբանների ու թարգմանիչների թիվն այսօր մի քանի տասնյակով ավելացավ:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի բակալավրներն ու մագիստրանտները որպես մասնագիտական կայացման ապացույց ստացան իրենց` սեւով սպիտակի վրա գրված, կարմիր կամ կապույտ դիպլոմները:
Սա իհարկե լուսաբանման շատ մեծ թեմա չէր դառնա, եթե այդ իրադարձությունը ուսանողների ու շրջանավարտների կողմից մեծ տոնի վերածված չլիներ: Այս տարի համալսարանի ուսանողներն ավելի քան լրջորեն էին պատրաստվել այդ արարողակարգին:
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եռուզեռ էր. շատ ուսանողներ էին, դասախոսներ, ծնողներ, ինչպես նաեւ երգիչ-երգչուհիներ, ովքեր եկել էին ողջունելու եւ շնորհավորելու, հուսանք, կրթված մի սերնդի եւս:
«Ամեն տարի էլ մեծ շուքով են նշել այս իրադարձությունը, բայց այս տարի մենք ավելի ենք ջանքեր թափել, որ տարբերվի ու ավելի հետաքրքիր լինի: Հրավիրել ենք երգիչ-երգչուհիներ, համերգը վարելու են Արտավազդ Ամիրյանն ու Գոհար Գասպարյանը, լինելու են նաեւ համարներ, որոնք կներկայացնեն մեր ուսանողները»,-պատմեց կազմակերպիչներից մեկը` Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Ես այնպիսի տպավորություն ստացա, որ ներկա ուսանողների համար շատ ավելի ցնցող իրադարձություն էր այն, որ միջոցառմանը ներկա էին հայ էստրադայի մի խումբ երգիչ-երգչուհիներ, քան հենց դիպլոմների հանձնման արարողությունը: Այդ պատճառով էլ նշեմ, թե ովքեր էին եկել շնորհավորելու. Վարդան Բադալյան, Լուսինա, Դավո, Արսեն Գրիգորյան (Մրո):
Համերգային մասին հաջորդեց պաշտոնական մասը` դիպլոմների հանձնումը ռեկտորի ու երեք ֆակուլտետների դեկանների կողմից:
Բարի՛ երթ, ձե՛զ:
Լիլիթ Գրիգորյան