Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 19:40
ՔԱՂԱՔԱԿԱՆ
NewsInterviewAnalyticsGallery
2012 թ-ին շուրջ 1000 բնակարան երիտասարդների համար
Տեղադրվել է 09-07-2010
Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման պայմանները գուցե վերանայվեն, բայց` միայն 2011-ին:
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի ընթացքն ու մանրամասներն այսօր «Արմենպրես» մամուլի կենտրոնում ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը:

Վարկավորման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, սակայն ըստ փոխնախարարի` արդյունքները թեեւ բավարար են, բայց դեռեւս այնքան էլ գոհացուցիչ չեն: «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ ֆինանսների նախարարությունների եւ Կենտրոնական բանկի միջեւ բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում պետք է այնպես արվի, որ տարեվերջին արդյունքները շատ ավելի գոհացուցիչ լինեն»,- ասում է Արսեն Քարամյանը:

Հիփոթեքային վարկավորման ծրագիրը սպասարկում են առեւտրային 11 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ: 30 հազար տպաքանակով հրատարակվել է ուղեցույց` շահառուին անհրաժեշտ տեղեկատվությամբ: Կառավարության որոշմամբ` այս ծրագրի իրականացման համար տրամադրվել է 3 միլիարդ դրամ, որի 1/3 մասն արդեն իրացված է: Ներկայումս 85 հոգու տրամադրվել է վարկ, եւս 10-ը հաստատման փուլում են:

Հարկ է նշել, որ ծրագիրն իրականացվում է ոչ միայն երեւանյան երիտասարդ ընտանիքների, այլեւ մարզաբնակների համար: Վարկերի շուրջ 34-35 տոկոսը սպառում են մարզաբնակ շահառուները, իսկ ամենաակտիվ մարզերն այս հարցում Սյունիքն ու Շիրակն են:

Պարոն Քարամյանն ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի մասին: Դեռեւս 2007 թ-ին միավորման հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է իրականացնել գիտամանկավարժական երիտասարդ ներուժի սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր:

2008 թ-ին «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում մեկնարկեց բազմաբնակարան նոր շենքի շինարարությունը, որն ընդամենը մի քանի ամիս անց կավարտվի: Ըստ փոխնախարարի` 315 բնակարաններն արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կհանձնվեն շահառուներին:

Ամիսներ առաջ մեկնարկել է այս ծրագրի երկրորդ փուլը. 11 պետական բուհերի երիտասարդ գիտաշխատողների համար կառուցվում է նոր համաբուհական համալիր:

Իսկ ընդամենը երեկ ՀՀ Կառավարության նիստի ընթացքում որոշվել է հողահատկացումներ կատարել Երեւանի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում (ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտին հարող տարածքում) եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում (Գ. Արզումանյան փողոց, 111/1):

Երեւանում կառուցվելիք բազմաբնակարանային համալիրը նախատեսված է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների եւ ստեղծագործական միությունների անդամների, իսկ Կապանում կառուցվելիք համալիրը` մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար: Մարզային ծրագիրը շարունակվելու է նաեւ Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում: Ընդ որում` ծրագրերը շուկայականից շուրջ երկու անգամ էժան բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում:

Նշված ծրագրերի շրջանակներում բնակֆոնդի հատկացումը, ի ուրախություն բոլորի, բայց գուցե եւ ի դժբախտություն ոմանց, փոխնախարարի խոսքերով, իրականացվում է «ծայրահեղ թափանցիկ»` վիճակահանության միջոցով: Ինչ վերաբերում է վճարումներին, ապա դրանք իրականացվում են 2 եղանակով. փուլային, որի դեպքում շահառուն շինարարական աշխատանքների ընթացքում է վճարում բնակարանի գինը` հավասար բաշխված օրինաչափ գումարներով, եւ վարկային եղանակով: Վերջինը դասական հիփոթեքի ձեւ է` 20 տարի տեւողությամբ, 9-10 տոկոս տոկոսադրույքով եւ 20-25 տոկոս կանխավճարով:

Հանդիպման ավարտին Արսեն Քարամյանը վստահեցրեց, որ վերոնշյալ ծրագրերի իրականացումից հետո արդեն 2012 թ-ին շուրջ 1000 երիտասարդ ընտանիք կապահովվի շուկայականից էժան ձեռք բերված բնակարաններով:

Լիլիթ Գրիգորյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am