Հազարավոր լապտերներ` դեպի Ճապոնիա
Տեղադրվել է 16-07-2010
Լեյկիմիայով հիվանդ աղջնակը հավատում էր, որ եթե 1000 հատ թղթե կռունկ պատրաստի, կառողջանա: Բայց հասցրեց պատրաստել միայն…
Երեկ «Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառումը թատերականացված ցուցահանդես էր նվիրված 1945 թ-ին ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:
Հայաստանում օրիգամիի այս ցուցահանդեսը նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, եւ հիմնական նպատակը խաղաղության մասին հանրային իրազեկության բարձրացումն է: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը, Գեղագիտության ազգային կենտրոնը` ՄԱԿ-ի մշտական համակարգողի աջակցությամբ:
«Ցուցահանդեսները խաղաղության մասին հանրությանը իրազեկելու ու ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու հիանալի միջոց են: Այլ մշակույթների եւ կենցաղավարության մասին տեղեկացվածությունը համընդհանուր խաղաղություն ու գործընկերություն զարգացնելու հրաշալի միջոց է: Սա հենց Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներից մեկն է»,- ողջույնի խոսքում տիկին Դաֆինա Գերչեւան:
Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մտահղացումը կյանքի է կոչվել 2005 թ-ին, երբ փոքրիկ ճապոնուհի Սադակո Սասակիի ողբերգական պատմությունը տարածվեց աշխարհում: Սադակոն երկու տարեկան էր, երբ ատոմային հարձակումը տեղի ունեցավ եւ, որպես հետեւանք, նա հիվանդացավ լեյկիմիայով: Նա հավատում էր, որ եթե կարողանա հազար թղթե կռունկ պատրաստել, կբուժվի: Բայց նրա երազանքը չիրականացավ: 12 տարեկան հասակում Սադակոն, երբ պատրաստել էր իր 644-րդ կռունկը, հրաժեշտ տվեց կյանքին:
Հայ մանուկներն իրականացրեցին Սադակոյի անավարտ մնացած երազանքը եւ արդեն հինգերորդ անգամ նրանք պատերազմը դատապարտող եւ խաղաղություն քարոզող իրենց հույզերն ու մտքերը լապտերների տեսքով կուղարկեն Ճապոնիայի Խաղաղության հիշատակի հիմնադրամին:
Հայ երեխաների այս աննախադեպ ծրագիրը 2008 թվականին վերաճեց միջազգային ծրագրի, քանի որ հայ երեխաների այս նախաձեռնությանը միացան երեխաներ Կանադայից, Անգլիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Հենց այս լուսավոր ծրագիրն էլ հիմք է հանդիսացել սկսելու Երեւան-Հիրոսիմա` քույր քաղաքներ գործընթացը:
Հայ երեխաների այս յուրատեսակ ակցիան ճապոնացիների եւ միջազգային հանրության կողմից շատ բարձր է գնահատվել: Այսպիսով, հայ երեխաները ոչ միայն նկարիչներ ու երգիչներ դարձան, այլեւ խաղաղության իսկական դեսպաններ:
Միջոցառումը համընկավ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացման ու Մշակույթների մերձեցման միջազգային տարվա շնորհանդեսի հետ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ