|
|
|
|
9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:21
|
|
ԺԱՄԱՆՑ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
Երբ թրջվում են աստղերը
Տեղադրվել է 18-07-2010
«Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու հրաշալի ես…»
«Կանգնած» ակնթարթ, կարծում եմ, բոլորս էլ տեսել ենք ու բոլորս էլ մեզ համար մեր հրաշալի ակնթարթներն ունենք: Բայց թե ինչպես է ջուրը կանգ առնում, այն էլ` աստղային ակնթարթում, դա իսկապես տեսնել էր պետք: Ե՞րբ` այսօր, որտե՞ղ` Սիրահարների այգում, ի՞նչը` վարդավառի ցուցահանդես: Չէ՛, չէ՛: Մարդիկ չէին հավաքվել ու ջուր չէին ցողում միմյանց վրա: Ջուրն արդեն ցողված էր, «աստղերը» թաց էին, պահն էլ` անմահացրած: Ո՞ւմ կողմից:
Հիմա պատմեմ: Արա Ասլանյանի մտքում ակնթարթը կանգնեցնելու մի շատ հետաքրքիր գաղափար է հղանում: «Մի տարի առաջ նմանօրինակ ցուցահանդես արել եմ: Այս տարի բոլորովին այլ թիմով` ի դեմս Առնոս Մարտիրոսյանի` մեր լուսանկարչի, ում տաղանդը մեզ ուղղակի փրկում է, եւ հայտնիների մասնակցությամբ: Վարդավառ տոնը բոլորս գիտենք, թեեւ կապ չունի իրար ջրելու հետ, բայց ավանդույթ է, ու ջրվում ենք: Մենք էլ որոշեցինք, որ բոլորը տեսնեն, թե «աստղերն» ինչպես են ջրվում»,- ասում է Արան: Իսկ «աստղերը», պարզվում է, շատ էլ հետաքրքիր եւ գեղեցիկ են ջրվում: Նազենի Հովհաննիսյանը ջրից նոր դուրս եկած ջրահարսի էր նման: Ավետ Բարսեղյանը, միայն իրեն հատուկ կրեատիվ վերլուծությամբ, «վարդավառ» բառը բառակազմական վերլուծության էր ենթարկել ու ջրի շիթերի տակ ուզում էր վարդ վառել: Արսեն Սաֆարյանը բարկացկոտ հայացքով, խստաբարո քաղաքացու պես ջրի շիթերի տակ օրվա նորություններին էր ծանոթանում: ՀՏ Հայկոն թրջվում էր, բայց, միեւնույնն է, համառորեն ծխում էր: Ու նրանք, որոնց մենք սովորաբար տեսնում ենք երգելիս, պարելիս, հաղորդումներ վարելիս, ջրվում էին, թրջվում ու ջրի տակ բարկանում, ուրախանում, տխրում: «Գաղափարն Արայի հետ ենք իրականացրել, ամեն ինչ շատ «հավես» ու լավ է անցել, ինչ ուզեցինք, արեցինք «վիզուալ», ինչ ցանկանում էինք, ստացանք: Էլի այս տիպի նախագծերի մտքեր ունենք, պարզապես հիմա դեռ ոչինչ հաստատ չէ, ու ճիշտ չի լինի ինչ-որ բան ասելը: Հայտնիների հետ աշխատելն էլ շատ հեշտ էր»,- լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանը լրացնում է մտահղացման հեղինակի խոսքը: Որքան էլ ես պատմեմ, հավատացե՛ք, սա այն դեպքն է, երբ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Գտե՛ք ձեր օրվա մեջ մի քանի րոպե, շտապե՛ք Սիրահարների այգի ու համոզվե՛ք, որ «կանգնած թաց» ակնթարթներն իսկապես հրաշալի էին: Պատկերասրահ` Երբ թրջվում են աստղերը Լիլիթ Գրիգորյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |