Մետալուրգի տոնից մինչեւ շախմա՞տ
Տեղադրվել է 19-07-2010
Մետալուրգի միջազգային օրը կապանցիները նշում են շախմատային մրցաշարով:
Կապանում անցկացվեց շախմատային մրցաշար` նվիրված Մետալուրգի միջազգային օրվան: Կազմակերպիչներն էին Սյունիքի մարզի ԵՄԿԿ-ն եւ «Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն: Առաջնության 20 մասնակիցները տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ էին: Ամենակրտսեր մասնակիցը 15-ամյա Սեւակ Հարությունյանն էր, իսկ ամենատարեցը` 72-ամյա Ռուբեն Առաքելյանը:
Արդեն ավանդական դարձած մրցաշարն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 17-18-ին: Բացման արարողության ժամանակ կազմակերպիչներից մեկը` Կամո Գեւորգյանը, հաճելի խաղ ու արդար մրցակցություն մաղթելով մասնակիցներին, նշեց, որ մրցաշարը դարձել է գեղեցիկ ավանդույթ, որը միավորում է տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց:
Ոչ պրոֆեսիոնալ շախմատիստներն իրենց ուժերը չափում էին 3 մրցաձեւերում` արագ, կայծակնային (կամ` բլից) եւ շախմատային կոմպոզիցիայի լուծում:
Արագ շախմատում մրցանակային եռյակը հետեւյալ տեսքն ուներ` Բաբկեն Ադամյան, Սարո Խաչատրյան, Էդիկ Հովհաննիսյանը:
Երկրորդ ձեւում «ամենակայծակնայինը» ճանաչվեց Մարատ Հարությունյանը, 2-րդ տեղում Մերուժան Նազարեթյանն էր, իսկ 3-րդում` Վռամ Թադեւոսյանը: Այս երկու ձեւերի հաղթողները ստացան 20.000-ական, 2-րդ տեղը զբաղեցրածները` 15.000-ական, իսկ 3-րդ տեղին արժանացածները` 10.000-ական դրամ պարգեւ:
Շախմատային կոմպոզիցիայում լավագույնը ճանաչված Սամվել Ավագյանն ու Ռուբեն Առաքելյանն էլ ստացան 5000-ական դրամ:
Ծովինար Կարապետյան