Ուխտագնացությունը ծրագրի մի մասն է կազմում
Տեղադրվել է 19-07-2010
Կապանցի երիտասարդների ուխտագնացությունը սկսվում էր Շուշիից եւ ավարտվում Գանձասարում:
«Սյունիքի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի, Կապանի Սբ. Մաշտոց եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաների եւ մարզային ԵՄԿԿ-ի կամավորների համատեղ ուխտագնացությունը մի մասն է կազմում այն ծրագրի, որը մեկնարկել է հունիսի 1-ին:
«Հոգեւոր-բարոյական դաստիարակություն» խորագրով ծրագիրը բաղկացած է 18 դասընթացներից եւ քննարկում-սեմինարներից: «Նպատակը երիտասարդների շրջանում հայ եկեղեցու հոգեւոր եւ մշակութային արժեքների վերաբերյալ գիտակցության մակարդակի բարձրացումն է»,- նշում է «Սյունիքի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անի Հայրապետյանը:
Յուրաքանչյուր դասի ընթացքում քննարկվում է որեւէ թեմա, եւ որոշվում է հաջորդ դասի թեման: Հոգեւորականությանն ու եկեղեցուն վերաբերող դասընթացները վարում է Կապանի Սբ. Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շիրակը: Իսկ զրույցներն ամենատարբեր թեմաներով են` հնազանդություն, հեզություն, կրոնական ուղղություններ, պատմություն, պատվիրաններ եւ այլն:
Դեպի Արցախ կատարած ուխտագնացությանը մասնակցում էին 17 երիտասարդներ: Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում նրանք հանդիպեցին Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ով օրհնեց նրանց ուխտը: Իսկ Գանձասարում գործը հասավ նույնիսկ մկրտությանը: Տեր Շիրակը մկրտեց ուխտագնացներից մեկին` Ալլա Հովհաննիսյանին:
Ծովինար Կարապետյան