Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:22
ՔԱՂԱՔ
NewsInterviewAnalyticsGallery
Գիրք հայաստանյան կամավորների «արժեքների» մասին
Տեղադրվել է 22-07-2010
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Հակոբ Մաթեւոսյանի գրքի շնորհանդեսը:
Պետհամալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտը բավականին լուրջ ու ծավալուն ուսումնասիրություններ է կատարել հայաստանյան կամավորների առկայության, գործունեության, կամավորական գործունեության օրենսդրականացման ու հետագա զարգացման միտումների վերաբերյալ ու այդ ամենը ներկայացրել «Հայաստանի կամավորների սոցիալ-տնտեսական արժեքների չափում» գրքում: Հեղինակն ուսումնասիրություններն անցկացրել է Երեւանի ու հինգ մարզերի` Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Սյունիքի բնակչության շրջանում:

«Ինձ համար չափազանց կարեւոր եւ ուրախալի է ներկա գտնվել այս իրադարձությանը: Հակոբի կատարած աշխատանքը չափազանց արդիական է: Ի դեպ, պետք է նշեմ, որ այս աշխատանքը ոչնչով չի զիջում գիտական աշխատանքներին: Մենք բարձր ենք գնահատում այն, բավարարված ենք մեր շրջանավարտի աշխատանքով: Եւ շատ ուրախ ենք, որ մեր շրջանավարտներն ու ՄԱԿ-ը համագործակցում են: Սա լավ ապագա կերտելու կարեւոր երաշխիք է»,- ասում է Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը:

Շնորհանդեսը ՄԱԿ-ի գրասենյակում էր, որովհետեւ վերոնշյալ հետազոտական աշխատանքի կատարման ու հեղինակին աջակցելու գործում միջազգային այս կազմակերպության դերը բավականին մեծ է: Շնորհանդեսի սկզբում հեղինակը ներկայացրեց իր աշխատությունը, եզրակացությունները, առաջարկները: Հակոբ Մաթեւոսյանը համարում է, որ թեեւ մեծ աշխատանք է կատարել, բայց կամավորների մասին դեռ ասելու շատ բան կա, ու նրանց գործունեությանն առնչվող բազմաթիվ կետեր դեռեւս կա՛մ մշակման փուլում են, կա՛մ նույնիսկ դեռ չեն էլ շոշափվում:

«Թեեւ իմ աշխատության հիմնական առանցքը սոցիալ-տնտեսական արժեքն է, բայց ես պիտի նաեւ նշեմ, որ, օրինակ, օրենսդրական դաշտում այս հարցի հետ կապված դեռ բացերը շատ են: Թեեւ «Կամավորության մասին» օրենքը մշակման ընթացքում է գտնվում, ու շուտով նախատեսվում է այդ հարցը հանրային քննարկման դնել, բայց, դե՛, օրենք` որպես այդպիսին, Հայաստանում դեռ չկա»,- ասում է Հակոբ Մաթեւոսյանը:

Հանդիպումն այսքանով չավարտվեց. շնորհանդեսին հաջորդեցին թեմայի շուրջ քննարկումներ:

Լիլիթ Գրիգորյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am