Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 19:28
ՄՇԱԿՈՒՅԹ
NewsInterviewAnalyticsGallery
«Ոսկե ծիրանի» մասին` հետգրությամբ
Տեղադրվել է 22-07-2010
Միջազգային պլատֆորմը «Ոսկե ծիրանի» շրջանակներում այս տարի իրականացրեց 2 ծրագիր:
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ ամեն տարի իրականացվում է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, միավորում է Կովկասի եւ շրջակա երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան եւ այլն) կինոնախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին, նրանց ծանոթացնում է միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, փառատոների ներկայացուցիչների, կինոյի հիմնադրամների եւ այլոց հետ:

Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն իրականացվեց արդեն չորրորդ անգամ, եւ դրա շրջանակներում իրականացվեցին երկու հիմնական ծրագրեր` ՌԱՍ սցենարի եւ նախագծի զարգացման դասընթացը, որ 10 նախագիծ հրավիրեց տարածաշրջանի երկրներից, եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ (ՀԹԿՊ) կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի զարգացման 2-րդ դասընթացը:

Շուրջ 40 նախագիծ էր ներկայացվել վերը նշված ծրագրերում ընդգրկվելու համար: Դրանցից 10-ը հնարավորություն ստացան մասնակցելու ՌԱՍ ֆորումին, իսկ 6-ը` ՀԹԿՊ դասընթացին: Կինոյի ոլորտի շուրջ 20 պրոֆեսիոնալներ` աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից եւ դպրոցներից, հրավիրված էին մասնակցելու ֆորումին` որպես թրեյներներ եւ հյուր խոսնակներ:

Երեք օր տեւած ֆորումի օրակարգն ընդգրկում էր 20 անհատական հանդիպում նախագիծ ներկայացրած երիտասարդ ռեժիսորների, պրոդյուսերների եւ սցենարի ու նախագծի զարգացման մասնագետ թրեյներների հետ:

Ֆորումին մասնակցած ներկայացուցիչների շարքում էին Վերոնիկ Կայլան (Ազգային կինոկենտրոն, Ֆրանսիա), Լյուդմիլա Ցվիկովան (Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Հյուբերտ Բալս» հիմնադրամ, Հոլանդիա), Ջեյ Ջեոնը (Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի առաջխաղացման ծրագիր, Հարավային Կորեա), Մայքլ Վիդեմանը («Ֆիլմշտիֆունգ» NRW, Գերմանիա), Ուլֆ Սիգվարդսոնը (Գոտեբերգի կինոփառատոնի հիմնադրամ, Շվեդիա), Ալան Ֆոնտենը («Եվրոպայի աուդիովիզուալ ձեռներեցներ», Լյուքսեմբուրգ), Կիրիլ Ռազլոգովը (Մոսկվայի համատեղ արտադրության ֆորում, Ռուսաստան), Գրացիելլա Բիլդեշեյմը եւ Ալեսսանդրա Պաստորեն («Մայա» դասընթաց, Իտալիա), Ֆիլլիս Մոլլեն («Եվրոպական պրոդյուսերների ակումբ», Ֆրանսիա):

Այնպիսի հանրահայտ ռեժիսորներ, ինչպիսիք են Քշիշտոֆ Զանուսին եւ Ռոբ Նիլսոնը, հանդես եկան դասախոսությամբ եւ ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ կիսեցին կինոյի ոլորտում իրենց փորձը:

ՀԹԿՊ զարգացման դասընթացը որպես դասախոսներ հյուրընկալեց Մալեք Ուլագայ Թայլանին` Թուրքիայի «Այանս 21» ընկերությունից, եւ ֆրանսիական «ԲՈԱ ֆիլմս» ընկերության ներկայացուցիչ Ջեննիֆեր Սաբբահին, ինչպես նաեւ Չիգդեմ Մատեր Ուտկուին` «Անադոլու կուլտուր»-ից: ՀԹԿՊ-ի օրակարգը ներառեց նաեւ Ֆաթիհ Աքինի, Սեմիհ Կապլանօղլուի եւ Սերժ Ավետիքյանի դասախոսությունները:

ՀԹԿՊ նախագծերի մրցութային ներկայացումները տեղի ունեցան հուլիսի 14-ին: Հարութ Կբեյանի «Տոհմածառ» (Հայաստան) նախագիծն արժանացավ 3000, իսկ Ջանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն» թուրքական եւ Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» հայ-լիբանանական նախագծերն արժանացան 2000-ական ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի:

ՌԱՍ ֆորումի նախագծերի մրցութային ներկայացումներն անցկացվեցին հուլիսի 15-ին: Իր «Լեյլա, եւս մեկ անգամ» նախագծի համար 5000 ԱՄՆ դոլարի չափով զարգացման դրամաշնորհ ստացավ թուրք երիտասարդ ռեժիսոր Բարիշ Հանցիոգուլլարին: Իսկ Դավիթ Մաթեւոսյանի եւ Արթուր Սարգսյանի «Վրիպում» նախագծին հնարավորություն տրվեց մասնակցելու Իտալիայի «Մայա» դասընթացին:

«Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթացը հնարավոր դարձան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Հյուբերտ Բալս» հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ:

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայություն

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am