Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 18:42
ԺԱՄԱՆՑ
NewsInterviewAnalyticsGallery
«Առաջին հերթին ինքս իմ գործից պիտի գոհ մնամ»
Տեղադրվել է 23-07-2010
Ինչ ուզում է` ասեն, որքան էլ շատ լինեն տարակարծիք խոսակցությունները տեսահոլովակների մասին, այնուամենայնիվ դրանք դարձել են ժամանակակից երաժշտական կյանքի շունչը:
Ու ինչքան էլ լավ երգիչը կամ երգչուհին ինչքան էլ գեղեցիկ ստեղծագործություն ներկայացնի, միեւնույնն է, եթե չկա տեսահոլովակ կամ կա, բայց` ոչ այնքան հաջողված, ուրեմն երգը քննություն չի բռնում ու այնքան էլ չի ընկալվում: Սա փաստ է:

Սուրեն Թադեւոսյան` ներկայիս լավագույն քլիփմեյքերներից մեկը, ում շնորհիվ հայ երգիչ-երգչուհիները Իսպանիայի տաք ավազին հպվեցին, իսպանական արեւի ներքո «իրենց տեղը գտան», իսկ հայ «ավանդական» իրականության մեջ էլ հայտնվեցին կիսամերկ աղջիկները: Սա` կես կատակ: Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա Սուրեն Թադեւոսյան երեւույթը շատ արագ ճանաչելի դարձրեց իր տեսահոլովակային ձեռագիրը:

-Ճշգրիտ գիտություններին տիրապետելու համար պետք են ծով աշխատասիրություն եւ վերլուծական միտք, ստեղծագործողին` նաեւ տաղանդ: Ըստ Ձեզ` տաղանդը գենետի՞կ երեւույթ է, թե՞ Աստծո պարգեւ:

-Ես ինձ վրա նման պատասխանատվություն երեւի թե չեմ վերցնի եւ չեմ ասի` տաղանդն ի վերուստ է տրվում, թե` ոչ: Ըստ իս` տաղանդ ամեն մարդու մեջ կա, բայց պետք է այդ տաղանդը զարգացնել: Ընդունված է, չէ՞, համարել, որ տաղանդը տրված է ծնված օրվանից: Բայց այն, ինչ տրվում է, դրա վրա պետք է աշխատել: Համոզված եմ, որ մեր կողքին էլ Բեթհովեններ ու Բախեր են ապրում, բայց նրանց ճիշտ չեն ուղղորդում կյանքի ընթացքում, ու այդ տաղանդն էլ կորչում է: Իմ ընտանիքում շատ տաղանդավոր ու ստեղծագործող մարդիկ եղել են: Գուցե գենետիկան կապ ունի, բայց դա, բնականաբար, աշխատանքի, ուսման խառնուրդն է ու համատեղումը:

-Տեսահոլովակ` երաժշտություն, մարդ եւ պատկեր: Դժվա՞ր է երեքը մեկում համատեղելը:

-Նախ նշեմ, որ տեսահոլովակները տարբեր նպատակներ են ունենում եւ ոճային առումով էլ տարբեր են լինում: Եթե պարային երգ է, տեսահոլովակը դինամիկ, շարժուն, թեթեւ է ստացվում: Եթե մեղեդային ստեղծագործություն է, ավելի սցենարային` տեսահոլովակ-պատմություն է ծնվում: Ավելին` կինոյին մոտ մի բան: Ա՛յ, օրինակ, Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» երգի համար, բնական է, չէ՞, որ թեթեւ բան չէինք կարող նկարել: Երեքը մեկում գուցե եւ դժվար է համատեղելը, բայց դա իմ աշխատանքն է, որը ես շատ սիրում եմ: Բայց դու նաեւ ինքդ քեզ համար պիտի հասկանաս, թե որն է քո ոճը, ու դրանում ստեղծագործես:

-Եւ ո՞րն է առաջնայինը` ռեժիսո՞րը, տեսահոլովա՞կը, թե՞ երգը:

-Ավելի առաջնայինն ասել չեմ կարող: Բայց երեւի երգն է: Դու երգի հիման վրա ես ստեղծում տեսահոլովակը: Շատ կարեւոր է նաեւ երգչի գործոնը: Լինում են մարդիկ, որոնց հետ պարզապես անհնար է դառնում աշխատելը: Ինչ ուզում ես` արա, բացառվում է` արդյունքում ստանաս այն, ինչ ուզում ես: Իսկ այդ դեպքում քեզ համար որպես ռեժիսոր աշխատանքդ կորչում է: Հենց այդ պատճառով էլ պիտի հասկանաս` կկարողանաս աշխատել երգչի հետ, թե` ոչ:

-Այսօր արվեստն ու բիզնեսը միացել են ու դարձել շոու-բիզնես, այսինքն` մրցավազք արվեստում: Դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է արվեստագետին:

-Ես անկեղծ ասեմ. ընդհանրապես կողմնակից եմ, համոզված եմ, գիտեմ, իմ փորձով հասկացել եմ, որ այդ շոուն առանց բիզնեսի լինել չի կարող: Մեր իրականության մեջ անընդհատ խոսում ու քննարկում են, թե մեր շոու-բիզնեսը վատն է, որովհետեւ փողի համար են ամեն ինչ անում: Բայց առեւտրով զբաղվողին հո՞ չես գնա ու ասի, որ քո գործը վատն է, որովհետեւ մեջը փող կա: Սա էլ նույնն է: Առեւտրականն ապրանքն է վաճառում, մենք էլ` երաժշտական արտադրանքը, երգչին, շոուն: Պարզապես մոտեցումն է սխալ, որովհետեւ եթե ուզում ես լավ բան ստանալ, պիտի փող ծախսես, բայց եթե ծախսերդ (դեռ մի քիչ էլ ավելին) չեն փոխհատուցվում, հաջորդ անգամ դու դրանով զբաղվել չես կարողանա:

-Բայց, այնուամենայնիվ, որքան էլ որ մեկն առանց մյուսի չի կարող գործել, ստեղծագործ մտքին բիզնեսը չի՞ խանգարում:

-Խանգարում է, բայց այն ժամանակ, երբ երգիչը գալիս ու թելադրում է, թե տեսահոլովակն ինչպիսին պիտի լինի: Ես, իհարկե, հասկանում եմ ու ընդունում, որ գուցե տեսահոլովակում կիսամերկ աղջիկները կոմերցիոն տեսանկյունից աշխատող տարբերակներ են, բայց գուցե ես, երգը լսելով, բոլորովին այլ տեսահոլովակ եմ պատկերացնում: Ճիշտ հասկացե՛ք, ես ամենեւին էլ դեմ չեմ մերկ աղջիկներին (ծիծաղում է): Բայց եթե լուրջ, ամեն ինչ պիտի տեղին լինի ու իմաստ ունենա: Անել մի բան` ուղղակի անելու համար, այնքան էլ ճիշտ չէ:

-Մի քանի օրից Արամ Խաչատրյան համերգասրահում համերգ է լինելու, որին մասնակցելու են այն երգիչ-երգչուհիները, որոնց տեսահոլովակների հեղինակը Դուք եք: Համերգը` արված աշխատանքի յուրօրինակ ամփոփո՞ւմ…

-Այո՛, մի տեսակ հաշվետու համերգ է լինելու: Ձեւաչափի առումով հետաքրքիր է ու նորություն: Անկեղծ ասեմ, այդ համերգով Ամերիկա չեմ բացահայտել: Երբ Իսպանիայում սովորում էի, մեր բարձր կուրսերից պուերտոռիկացի մի տղա կար, ով Վալենսիայում արդեն շատ հայտնի տեսահոլովակներ էր նկարել, եւ նրա 25-ամյակն էր, ու որոշել էր ակումբում ծնունդը նշել հենց այդ կերպ: Շատ էի տպավորվել: Ես էլ որոշեցի իմ 35-ամյակն էլ հենց այդպես նշել ու հանդիսատեսի համար ամփոփել այն աշխատանքը, որ մինչ այսօր արել եմ, մանավանդ որ արդեն շատ նոր ծրագրեր ունեմ, բայց դեռ չեմ խոսում դրանց մասին, որովհետեւ մարդը որոշում է, Աստված տնօրինում: Ես իհարկե չեմ ասում` էլ տեսահոլովակներ չեմ նկարելու, բայց ավելի լուրջ ու հետաքրքիր բաներ էլ կլինեն:

-Երեւի սա այն զինվորի պատմությունն է, որ ուզում է գեներալ դառնալ:

-Այո՛: Խոսքը ֆիլմի մասին է: Չկա ռեժիսոր, որ տեսահոլովակ է նկարահանում ու չի ուզում ֆիլմ նկարել: Ինչո՞ւ մինչեւ հիմա չկա. որովհետեւ ես ամեն ինչին մի քիչ շատ լուրջ եմ վերաբերվում: Տեսահոլովակն իհարկե իմ կյանքի մի որոշ ընթացքն է եղել, բայց դա այն չէ, ինչ ես սովորել եմ: Իմ ստեղծագործական կարիերայի գագաթը ֆիլմն է: Ես չեմ նկարի կինո, որ ուղղակի ասեն` Սուրեն Թադեւոսյանը կինո նկարեց: Ես դա կանեմ այնպես, որ առաջին հերթին ինքս իմ գործից գոհ մնամ:

-Բայց դուք սերիալի փորձն արդեն ունեք, այսինքն` ֆիլմ ասելով սերիալ նկատի չունե՞ք:

-Չէ՛, չէ՛, չէ՛ ու էլի չէ՛: Այդ սերիալներին ես հենց սկզբից էլ շատ պեսիմիստորեն էի վերաբերվում: Նույնիսկ ավելին ասեմ ու գաղտնիք բացեմ. հենց սկզբից էլ չեղավ այն, ինչ ես էի ուզում, որ լիներ, պարզապես թույլ չտվեցին` անենք այն, ինչ կարող էինք: Այդ պատճառով էլ իմ անակնկալներն ու ավելի լուրջ գործերը դեռ առջեւում են:

Լիլիթ Գրիգորյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am