|
|
|
|
9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:20
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
Առանց սկանդալի ու մեկական նկարով ցուցահանդեսը
Տեղադրվել է 23-07-2010
«Երեւի լրատվամիջոցների բացակայության պատճառը մեր միջոցառման ոչ սկանդալային բնույթն է»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սկանդալ իսկապես չկար, բայց կար մշակույթ, խորհրդավորություն, արվեստի յուրօրինակ աշխարհ: Այսօր Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես, որտեղ իրենց աշխատանքները ներկայացրել են բացառապես երիտասարդ ստեղծագործողները: Չմոռանամ նշել, որ ցուցահանդեսին մասնակից երիտասարդները նկարիչների միության անդամներն են:
Հայաստանի նկարիչների միության անդամների թիվն այսօր հասնում է յոթ հարյուր հիսունի: Միության անդամներն են ոչ միայն մայրաքաղաքաբնակ ստեղծագործողները, այլեւ արվեստագետներ մարզերից: Բայց այսօր բացված, ինչպես Կարեն Աղամյանը որակեց, հաշվետու ցուցահանդեսին մասնակցում են միայն մայրաքաղաքի երիտասարդ արվեստագետները: «Ցուցահանդեսին ներկայացված են 160 աշխատանքներ, թեեւ այս դեպքում, երեւի ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե քանակի այլ որակի մասին: Մանավանդ, որ այս ցուցահանդեսը մրցույթ էլ է ենթադրում: Կա ժյուրի, որը մրցանակներ կտրամադրի առաջին երեք տեղերը զբաղեցնող ստեղծագործողներին»,- ասում է Միության նախագահը: Միջոցառման բացմանը ներկա ու մասնակից արվեստաբան Մարինա Հակոբյանը նմանօրինակ ցուցահանդեսները կարեւորում է հատկապես նրանով, որ այստեղ ներկայացված աշխատանքներն ավելի համապարփակ պատկերն են տալիս տվյալ ժամանակահատվածի ստեղծագործական կյանքի: «Թե ավագ ու թե կրտսեր սերունդների ներկայացուցիչների համար յուրօրինակ ավանդույթ է դարձել «Մեկական աշխատանքի» ցուցահանդեսը, որտեղ ստեղծագործողները ներկայացնում են իրենց որեւիցե մի աշխատանքն ու դրանով ասես հաշվետվություն ներկայացնում: Մի ցուցասրահում հավաքվում են աշխատանքներ, որոնք գուցե տարիներ անց կդառնան արվեստի պատմության մաս: Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված են արվեստի բազմաթիվ ժանրեր` եւ քանդակ, եւ գրաֆիկա, եւ նկարչություն, եւ դիզայն: Այսինքն` մեր այսօրվա ցուցասրահում հաջողվել է ներկայացնել արվեստի բազմաթիվ ոճեր ու ապահովել տարաբնույթ տրամադրություն»,- ասում է արվեստաբանը: Ամենեւին էլ պարտադիր չէ լինել արվեստի մեծ գիտակ` հասկանալու համար այն աշխարհն ու տրամադրությունը, որ ստեղծել էին երիտասարդ ստեղծագործողներն այսօր ցուցասրահում: Բազմերանգ կամ երբեմն էլ գույների բացակայությամբ ստեղծված նկարներ, աբստրակտ քանդակներ, դիզայներական հետաքրքիր մտքի թռիչքներ: Իրենց ստեղծագործությունների մասին խոսեցին հենց իրենք երիտասարդ ստեղծագործողները: Տիգրանուհի Մարտիրոսյան («Եղեռն») «Ես շատ վաղուց եմ նկարում: Դեռ մանկուց: Հայրս նկարիչ է ու անընդհատ աչքիս առաջ է: Մի քանի տարի է, ինչ մտածում էի սկսել «Եղեռն» շարքը, բայց երեւի դեռ պահն այդքան էլ չէր հասունացել: Հետո հասկացա, որ հիմա արդեն կարող եմ սկսել աշխատել դրա վրա: Այս նկարը ամբողջ շարքից մի մասն է: Մեր ազգի պատմությունը, մեր անցյալը, մի բան, որ երբեւէ չի մոռացվի, ինչ էլ անենք»: Նինա Կարապետյան («Մայրամուտ») «Իմ աշխատանքները, իմ ներկապնակը շատ տոնական, պայծառ ու վառ են, բայց այս նկարում մի տեսակ դրամատիզմ կա: Սա հոգուս պոռթկումն է: Դրա մեջ լույս կա, թեեւ մեղմ, բայց կա: Ավելի մոդեռն ոճում եմ ներկայացրել այս աշխատանքս: Գուցե կարելի էր ավելի տոնական բան ներկայացնել, բայց մյուս կողմից էլ, կարող է կեղծ ստացվեր: Որպեսզի ամեն ինչ անկեղծ լիներ, պիտի ներկայացնեի այն նկարը, որն այդ պահին ցանկություն էր ստեղծում: Ես էլ ընտրեցի սա»: Լիլիթ Քալանթարյան («Զրույց») «Գրաֆիկ եմ, ավարտել եմ գեղարվեստի ակադեմիան, հիմա ինքս էլ դասավանդում եմ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Գծանկարի մասնագետ եմ: Չգիտեմ` ինչու հենց սա ընտրեցի ցուցահանդեսում ներկայացնելու համար: Ուղղակի հետաքրքիր թեմա էր: Ինձ հոգեհարազատ էր կոնկրետ տեխնիկան: Այդ պատճառով էլ այսպիսի աշխատանք ներկայացրեցի»: Ցուցահանդեսի հաղթողներին կորոշի ժյուրին: Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ, որից հետո կկազմակերպվեն քննարկումներ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների ու երիտասարդ ստեղծագործողների մասին ու մասնակցությամբ: Պատկերասրահ` Ցուցահանդես Նկարիչների միությունում Լիլիթ Գրիգորյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |