|
|
|
9 Սեպտեմբեր, Հինգշաբթի | 17:37
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
Ջութակի «կախարդը» Երեւանում է
Տեղադրվել է 23-07-2010
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ջութակն այսօր նվագում էր հայ հանդիսատեսի համար:
Սերգեյ Խաչատրյանի համերգաշարը մեկնարկել է դեռեւս անցած շաբաթ: Ջութակահարը հասցրել է արդեն հանդես գալ Գյումրիում, իսկ հուլիսի 27-ին եւ 28-ին պատրաստվում է ներկայանալ Արցախի երաժշտասերներին:
Ծրագրում ներառված են Ալբինիոնի, Կորելլի եւ Վիվալդի: Իսկ բեմում Սերգեյին աջակցում են «Նաիրի» լարային քառյակը եւ ընկերները: Իսկ դահլիճից համերգին հետեւում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ատոմ էգոյանը, Արսինե Խանջյանը եւ պատվավոր այլ հյուրեր: «Հայրենիքում նվագելիս զգում եմ անբացատրելի մի բան: Դա գալիս է ե՛ւ ունկնդրից, ե՛ւ իմ ներսից, երբ բեմ եմ դուրս գալիս… Այստեղ մի ուրիշ մթնոլորտ կա, որ ուրիշ ոչ մի տեղ չկա»,- համերգից անմիջապես հետո www.eritasard.am-ի հետ կիսվեց Սերգեյը: Գուցե այդ մթնոլորտն է նրան ստիպել, որ ազատ ժամանակը տրամադրի ոչ թե հանգստին, այլ հայաստանյան համերգներին: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան կողմից հրավերը ստանալուն պես շտապել է հայրենիք: Նա Հայաստանից կմեկնի հուլիսի 31-ին եւ անմիջապես կսկսի իր համերգային շրջագայությունը: Սերգեյի եւ իր հանդիսատեսի հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի: Թեեւ Սերգեյը մեծացել է Գերմանիայում, այնուամենայնիվ հայաստանցի ընկերների պակաս չի զգում: Արտերկիր մեկնելուց հետո նա առաջին անգամ Հայաստան է եկել 1998 թ-ին, երբ Լորիս Ճգնավորյանի հետ նվագել է Չայկովսկու կոնցերտը: Մի քանի անգամ էլ նա այստեղից մեկնած խմբերի հետ է ելույթ ունեցել: Նա միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող ու դափնեկիր է: Սակայն Հայաստանում նրան սկսեցին ճանաչել 2005 թ-ից: «Հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ինչ խոսք: Դահլիճում նստած են ե՛ւ մեր բարեկամները, ե՛ւ ընկերները, բայց չեմ կարող ասել, որ մյուս երկրներում ջերմության պակաս կա: Նրա համերգները շատ լավ են ընդունվում Լոնդոնում, Մյունխենում...»,- նշում է Սերգեյի մայրը, ով որդուն բեմի վրա տեսնելիս դժվարությամբ էր զսպում հպարտության արցունքները: Իսկ համերգի վերջում… վերջում բնականաբար չդադարող ծափեր, ամբողջ կոկորդով հնչող բրավոներ եւ… կրկին Վիվալդի… Տարվա եղանակներ… թեժացած ջութակ… Նույնիսկ համերգի ավարտից հետո հանդիսականները չէին հեռանում, հերթ էին կանգնել սիրելի արտիստին շնորհավորելու ու հաջողություններ մաղթելու համար: Հ.Գ. Այդ ամենից անմասն չմնաց նաեւ www.eritasard.am-ի... գրիչը, որով շփոթված եւ միայն թղթով ներկայացած օրիորդները Սերգեյից ինքնագրեր էին ստանում: Պատկերասրահ` Սերգեյ Խաչատրյանի համերգը Ծովինար Կարապետյան |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |