Կյանքը խաղ է
Տեղադրվել է 27-07-2010
Բա՞ չիմացաք` «Մաֆիան Հայաստանում ՄԵՌԱՎ»:
Բայց եթե մեռավ, ուրեմն հասցրել էր ծնվել, ապրել, զարգանալ, փոխել ձեւերն ու բուն էությունը, դառնալ մի քիչ հայկական, շատ ավանդական, տեղ-տեղ «քյաբաբախորովածային» համ ու հոտով, երկու խոսքով` «մաֆիա` հայավարի»:
Հա՛, ես այստեղ չմոռանամ անպայման նշել, որ «մաֆիան» վերաբերում է խաղին` ինտելեկտուալ-հոգեբանական այն խաղին, որը տարածված է աշխարհով մեկ:
Ո՛չ Ամերիկա հայտնաբերած կլինեմ, ո՛չ էլ հեծանիվի նոր գյուտ, եթե ասեմ, որ «Մաֆիա» խաղը որքան էլ հասցրած լինի «հայաֆիկացվել», այնուամենայնիվ հայկական ոչ մի արմատ չունի: Խաղի պատմությունն ունի ծագման բազմաթիվ վարկածներ, որոնցից հատկապես երեքը շատ տարածված են: Ըստ առաջինի` խաղն ի սկզբանե հոգեբանական թեստի պես մի բան է եղել, որը մշակել են հրեա գործարարները: Դրա միջոցով իրենց մոտ աշխատանքի ընդունելու համար նրանք կարողանում էին ընտրել լիդերներին, ճարտասաններին, մտքերը ճիշտ ձեւակերպող մարդկանց, ճշգրիտ հաշվարկներ անողներին: Կա տարբերակ, որ խաղի հեղինակները ՈՒՀԱ թիմերից մեկի տղաներն են: Բայց համաձայն առավել ընդունված ու ճշմարտացի թվացող վարկածի`խաղի ստեղծման մեջ համաշխարհային գրականության դասականներից մեկի «մատն է խառը»: Այս խաղը նկարագրված է Ագաթա Քրիստիի` տասնյակ տարիներ առաջ գրած «Տասը փոքրիկ սեւամորթներ» վեպի մեջ: Երբ տասը մարդ հայտնվում են մեծ տան մեջ, ու ամեն գիշեր նրանցից մեկն առեղծվածային ձեւով անհետանում է, իսկ մնացածները փորձում են հասկանալ, որ եթե իրենք ընդամենը տասն են, ապա ով է «մարդասպանը»:
Ես անպայման դեռ ձեզ էլ կասեմ, թե ով ինձ պատմեց այս վարկածների մասին, մանավանդ որ հենց նա է Հայաստանում «Մաֆիա» խաղի «կոմերցիոն կնքահայրը»:
Բայց մինչ այդ նշեմ, որ համաշխարհային համացանցի էջերում էլ խաղի ծագման երկու այլ տարբերակներ են շոշափվում: Դրանցից մեկի համաձայն` «Մաֆիան» անգլիական «Մարդասպան» խաղի մի փոքր վերափոխված տարբերակն է: Իսկ ըստ մյուսի` խաղի ստեղծողը Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողներից ոմն Դմիտրի Դավիդովն է:
Մի քանի բառով էլ խաղի էության ու կանոնների մասին, թեեւ ոչ մի կասկած չունեմ, որ մեզնից եթե ոչ յուրաքանչյուրը, ապա շատ-շատերը խաղի գիտակ-մասնակիցներ են:
«Մաֆիան» դերային խաղ է, այսինքն` այստեղ յուրաքանչյուրը վիճակահանությամբ ստանում է իր «դերն» ու խաղում: Այս խաղի ընթացքում բարձր ինտելեկտի ու դերասանական վարպետության համադրությամբ պետք է կարողանաս մանիպուլիացիոն հնարքներով խաղարկել բոլորին` «սեւ» լինելով խաղալ որպես «կարմիր» կամ էլ «կարմիր» մնալով` գտնել «սեւերին» ու հաղթել: Խաղացողների թիվը դասական «Մաֆիայում» 10-ն է, թեեւ խիստ սահմանափակումներ չկան: Յոթ «կարմիրներն» ու երեք «սեւերն» ունեն իրենց առաջնորդները: «Կարմիրների» առաջնորդը «շերիֆն» է, «սեւերինը»` «դոնը»: Խաղը երկու մասից է բաղկացած` «գիշեր եւ ցերեկ». «գիշերը» «սեւերի» համար է, իսկ «ցերեկը»` «կարմիրների», ովքեր պիտի փորձեն գտնել «սեւերին»:
Բայց որքան էլ հեշտ թվան կանոնները, իրականում խաղը շատ բարդ ու անկանխատեսելի ընթացք ունի: Ու մինչեւ ինքդ չխաղաս ու ներկա չգտնվես խաղին, չես տիրապետի բոլոր նրբություններին:
Այս ամենն ընդհանուր է աշխարհի բոլոր ծայրերի «Մաֆիայի» համար, իսկ հիմա` մի քիչ էլ մեր «հայկականի» մասին:
«Մաֆակումբներ». որտեղի՞ց, ինչպե՞ս ու ե՞րբ մտան մեր երեւանյան իրականություն:
Ալեն Սիմոնյան` մասնագիտությամբ իրավաբան, գործնականում` շոումեն, պրոդյուսեր, դասախոս, դերասան եւ երեւանյան առաջին ու հիմնական` «Սիցիլիա» մաֆակումբի տնօրեն:
Ինչպե՞ս սկսվեց
«Ի՞նչ կատարվեց: Ուղղակի մենք ընկերներով սիրում էինք այս խաղը: Մեր տանը մի որոշ ժամանակ հավաքվում, խաղում էինք: Գնալով մեր թիվը մեծանում էր: Դե՛, որ գալիս էին մեր տուն, հայ ենք, չէ՞, խմելու բան էին բերում: Հետո էլ միտք ծնվեց, որ խաղը տնից տեղափոխենք համապատասխան վայր, որտեղ կլիներ նաեւ խմիչքը: Ինքնըստինքյան ծնվեց բիզնեսի գաղափարը: Քանի որ կար պահանջարկ, ստեղծվեց նաեւ առաջարկը: Դա վեցուկես տարի առաջ էր: «Նաիրի» կինոթատրոնում` 25-30 քմ տարածքում, սկսեց գործել իմ ակումբը: Բայց տարածքը գնալով չէր բավականացնում. տեղափոխվեցինք Թումանյան 33 հասցեում գտնվող ակումբ: Ա՛յ, այստեղ «բումը» սկսվեց: Արդեն մոտ 300 հիմնական հաճախորդներ կային, ովքեր արմատապես տարբեր բնագավառների ներկայացուցիչներ էին` քաղաքական գործիչներից ու հաղորդավարներից սկսած մինչեւ շոու-բիզնես եւ ուսանող: Հերթ էին կանգնում, թղթերով որոշում էինք, թե հաջորդ խաղին ով է մասնակցելու: Մի խոսքով` ամենաառաջին, ամենամեծ ու հզոր մաֆակումբը սա է եղել: Ումից ուզում եք, կարող եք հարցնել»:
Ու խոչընդոտներ
Մեր քաղաքում բավականին լուրջ, հետաքրքիր ու առանձնացող ձեռագրով մի շատ հայտնի ու կայացած կազմակերպություն կա: Այդ շատ հայտնի կազմակերպության ոչ պակաս հայտնի անդամները բացառապես «յուրայիններով» միաժամանակ հավաքվում էին սեփական «հարկի տակ» եւ գուցե իրենց ժամանցն ապահովելու համար նույնպես խաղում էին. խաղում էին «Մաֆիա»: Խաղերն անցկացվում էին «փակ դռների» հետեւում ու միայն ընկերության անդամների մասնակցությամբ: Բայց բավական էր` ի հայտ գար մաֆակումբը, որը խաղալու հնարավորություն էր ընձեռում բոլոր ցանկացողներին ու… «Հա՞վն էր սկզբում, թե՞ ձուն»: Խաղը մենաշնորհ լինել չի կարող: Խաղերը շատ են, ու խաղում են բոլորը: Բայց այս դեպքում խաղը կոմերցիոն դաշտ բերելու ու մաֆակումբ բացելու առաջին գաղափարը կարելի է մենաշնորհ համարել:
«Դժվարություններ շատ ունեցա: Խաղը ակումբային կոմերցիոն հարթություն բերելու առաջին իսկ պահից սկսվեցին սպառնալիքները, ինձնով սկսեցին զբաղվել ու հետաքրքրվել այնպիսի հեղինակավոր մարդիկ, որ ինչ-որ տեղ ինձ նաեւ «շոյում էր», որ իրենց բան ու գործը թողած` կենտրոնացել են 24-ամյա երիտասարդի գործունեության վրա: Մինչեւ ակումբի բացելը ես համագործակցության առաջարկ արեցի այն կազմակերպությանը, որի անդամները միայն փակ դռների հետեւում էին խաղում: Ու ստացա չոր մերժում: Հետո էլ սկսեցին ապացուցել, որ խաղի իրավունքները պատկանում են իրենց: Նրանք նույնիսկ բուկլետներ էին տպագրում ու բաժանում, թե «մաֆիան» իրենց է պատկանում: Հիմա ես սա որպես իրավաբան ասեմ, որ որեւիցե մեկին չի կարող պատկանել մի բան, որն իրենց մտքի արդյունքը չէ, օրինակ` շախմատը, նարդին կամ բլոտը: Բայց ես իմ ուզածին հասա ու խաղը նրանց ձեռքից տարա կոմերցիոն դաշտ»:
Հաջորդիվ
Ըստ չգրված, բայց մշտապես շրջանառվող ու կիրառվող «հայ ենք, չէ՞» կոչվող օրենքի` եթե «X»-ը բացում է բենզալցակայան, ապա «Y»-ը, «Z»-ը եւ լատինական այբուբենի մնացած տառերն էլ իրենց հերթին պիտի ոչ մի դեպքում հետ չընկնեն առաջինից: Նշված օրենքը տարածվում է նաեւ բոլոր «պիցցա-շաուրմայանոցների», ծաղկի սրահների, գեղեցկության սրահներ վերանվանված վարսավիրանոցների, խաղատների, «vivaro» ակումբների եւ նմանօրինակ շատ այլ հաստատությունների վրա, որոնցով անընդհատ լցվում ու լցվում է իմ ու քո Երեւանը: Մաֆակումբներն էլ հետ չմնացին այս ընթացքից ու այնքան տարածվեցին, որ «Մաֆիան» հեռուստատարբերակով էլ սկսեց հեռարձակվել, ինչի դեպքում, ի դեպ, հեղինակային մենաշնորհային իրավունքից խոսելն իհարկե տեղին է:
«Մի բան է ակումբ բացելը, եւ ուրիշ բան է այդ ակումբն աշխատացնելը: Ամեն ինչ շատ հայկական ստացվեց. ով չի «ալարում», մաֆակումբ է բացում: Հիմա ամեն ավտոտնակում նույնիսկ մաֆակումբ են բացել: Բայց ակումբ ունենալը քիչ է: Պետք է կարողանաս զբաղվել դրանով: Մարդկանց թվում է` սեղանն առար, խաղաքարտերը բաժանեցիր… ու վերջ` ակումբը կաշխատի: Ինձ համար շատ կարեւոր էր, թե ովքեր են մտնում իմ ակումբ. ավելի լավ էր` գային 5 արվեստագետ, քան 35 «թաղի տղա»: Վեցուկես տարիների ընթացքում ավելի քան 300 մարդկանց պատմություններ ու կյանքն եմ անգիր իմացել: Պիտի կարողանաս հասկանալ, աշխատել, շփում ապահովել: Հեռուստատարբերակն էլ առանձնապես չարդարացրեց իրեն: Ես` որպես այս գործում կոփված մարդ, կարող եմ ասել, որ չկար կլոր սեղանի գաղափարը, հաղորդավարը խաղի ընթացքում երեւալու կարիք չուներ, տեսախցիկները բոլոր խաղացողների` էկրանում երեւալը չէին ապահովում: Ու էլի կային շատ բացթողումներ: Ինչ ասեմ, իրենք գիտեն, ես ինձ համար եմ պատասխանատու, ու իմ փորձով, այս տարիների աշխատանքով, եթե ուզեմ, դեռ հարյուր տարի էլ կկարողանամ պահել իմ դիրքերը»:
Ու վերջացավ
«Ինչքան շատ, այնքան լավ» հայկական ասույթն այս դեպքում հակառակ ազդեցությունն ունեցավ: Ինչքան շատացան մաֆակումբները, այնքան խաղը կորցրեց իր բուն էությունը, կարգ ու կանոնը, ակումբները դարձան «ուտել-խմելու» հերթական կենտրոններ: Բնականաբար ինչպես ամեն ինչ, այնպես էլ այս խաղը հասել է իր տրամաբանական ավարտին ու հետզհետե կորցնում է հետաքրքրությունը:
«Որովհետեւ շատ-շատ էր արդեն: Պետք է թողնել, որ մարդիկ կարոտեն: Ես` որպես առաջին կոմերցիոն մաֆակումբի հիմնադիր, իրավունք ունեմ հայտարարելու` «Մաֆիան» մեռավ: Իսկ ես դեռ շատ նոր մտահղացումներ ունեմ, որոնք շատ շուտով կյանքի կկոչեմ: Թող գան մի տարի հետո, տեսնեն, սովորեն ու գնան «գարաժներում» բացեն»:
Ի՞նչ է կյանքը: Խա՛ղ:
Լիլիթ Գրիգորյան