Սերբիայում փորձեցին կոտրե՞լ կարծրատիպերը
Տեղադրվել է 29-07-2010
Հայկական գյուղերը ներկայացնող երիտասարդները փորձի փոխանակում են անում բալկանյան երկրների երիտասարդների հետ:
«Եվրոպական գյուղական երիտասարդություն» միջազգային կազմակերպությունը Եվրոպական երիտասարդական ֆոնդի աջակցությամբ կազմակերպեց «Ջարդենք սահմանները. աջակցենք գյուղական երիտասարդությանը բալկաններում» խորագրով մեկշաբաթյա ճանաչողական այցելություններ Սերբիա: Այցին մասնակցեց նաեւ «Հայկական գյուղական երիտասարդություն» ՀԿ-ի պատվիրակները:
Այցի նպատակն էր ուսումնասիրել, թե գյուղական երիտասարդությունը ինչքանով է ներգրավված հասարակական կյանքում, ինքանով է ակտիվ, տեղեկացված եւ ինչպիսի աջակցություն ունի տեղական իշխանություններից, պետական եւ ոչ պետական հիմնադրամներից: Եվրոպական տարբեր երկրներից ժամանած 25 երիտասարդներ էին մասնակցում այս ծրագրին, որի ընթացքում նրանք փոխանակեցին մի շարք գաղափարներ` կապված գյուղական եւ ոչ գյուղական վայրերում իրականացված երիտասարդական տարատեսակ միջոցառումների մասին:
Առաջին կանգառը Նովի Սադ քաղաքն էր, որտեղ մասնակիցները հանդիպեցին երիտասարդական մի շարք կազմակերպությունների («Վայվոդինայի երիտասարդական կենտրոն», «Երիտասարդական աշխատանքային կենտրոն», «Կամավորականան երիտասարդական կազմակերպություն») եւ տեղական իշխանությունների հետ: Ներկայացվեց Սերբիան տարբեր ոլորտներում` մշակույթ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպորտ, կառավարման համակարգ: Խոսվեց գյուղական երիտասարդության եւ կառավարության փոխհամագործակցության միջոցով իրականացված բազմաթիվ ծրագրերի մասին:
Նովի Սադում այցելություններն ու հադիպումները վերջացնելուց հետո մեկնեցինք Ուժիցե քաղաք: Այնտեղ մեզ դիմավորեցին քաղաքապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այցելեցինք Ուժիցեի մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում նաև աշխարհում երկրորդը իր մեծությամբ, իսկ եվրոպայում առաջին հիդրոկայանը, որն այժմ չի գործում և թանգարան է: Հանդիպեցինք տեղի երիտասարդությանը, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հնարավոր համագործակցության ու փորձի փոխանակման մասին:
Հաջորդ կանգառը Պրեյեպոլիե քաղաքատիպ ավանն էր , որտեղ երիտասարդական ակումբներից մեկում ավանդական հյուրասիրությունն էր կազմակերպվել տեղի երիտասարդության ջանքերով:
Հաջորդ օրն առավոտյան այցելեցինք անասնապահական տարբեր ֆերմաներ, ծանոթացանք այդ տարածաշրջանում գյուղական կյանքին ու գյուղացիների ապրելաոճին: Այնուհետեւ խումբը բաժանվեց երկու մասի: Մի մասը մեկնեց Կոսովո, իսկ մյուսը` շարունակեց այցելությունները սերբական գյուղեր ու քաղաքներ: Եղանք Դուբնիցայում, հետո մեկնեցինք Սենիցե, որտեղ հիմնականում բնակվում են մահմեդականներ: Հետո այս տարածաշրջանում այցելեցինք տարբեր գյուղեր ու գյուղական վայրեր, որտեղ մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, մշակաբույսերի աճեցմամբ, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությամբ:
Սերբ գյուղացու եւ երիտասարդի ապրելակերպին ծանոթացանք բոլոր տեսանկյուններից: Հաջորդ օրը Կոսովո մեկնած երիտասարդների հետ միասին վերադարձանք Նովի Սադ, որտեղ էլ կազմակերպվեց քննարկումներ այն ամենի մասին, ինչ տեսանք մեկ շաբաթվա ընթացքում: Խոսեցինք մեր հետագա ծրագրերի ու մոտ ապագայում Հայաստանում նմանատիպ միջոցառման կազմակերպման հնարավոր հեռանկարների մասին:
Գայանե Մարտիրոսյան