Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 19:30
ՄԱՐԶԵՐ
NewsInterviewAnalyticsGallery
Մարզաբնակ երիտասարդները` Եվրոպայում
Տեղադրվել է 29-07-2010
Շվեդական Հալմստադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը տեղի կունենա «Եվրոպական Ռալլի-2010» երիտասարդական հավաքը:
Այն կրում է «Լայնացրո՛ւ մտահորիզոնդ` ներդնելով նոր փորձը քո երկրում» խորագիրը:

Հավաքը կազմակերպվում է «Եվրոպական գյուղացիական երիտասարդություն» միջազգային կազմակերպության եւ «Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի» աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու են եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող գյուղացիական երիտասարդական կազմակերպությունների 5-հոգանոց պատվիրակություններ, ինչպես նաեւ տեղական իշխանությունների եւ շվեդական պետական ապարատի ներկայացուցիչներ:

Կազմակերպիչների համոզմամբ` թե՛ եվրոպական, թե՛ տեղական գյուղացիական համայնքներում խնդիրները գրեթե նույնն են` երիտասարդության ցածր մասնակցություն հասարակական կյանքում, աշխատանքային տեղերի պակաս, նվազ տեղեկացվածություն, սոցիալական եւ տնտեսական հարցեր: «Եվրոպական Ռալլի-2010» ամենամյա երիտասարդական հավաքն էլ անցկացվում է հենց այն նպատակով, որ երիտասարդները փորձի փոխանակման շնորհիվ փորձեն գտնել գյուղական վայրերում նշված խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ:

Մասնակից երիտասարդները կծանոթանան ծրագրային նոր գաղափարների, մեթոդների ու գյուղական վայրերում երիտասարդության կյանքն ավելի ակտիվ դարձնելու նորանոր փորձերի հետ, որոնք միտված կլինեն գյուղի ու գյուղացիական երիտասարդության ապրելակերպի զարգացմանը:

Հավաքին մասնակցելու է նաեւ գյուղացիական հայ երիտասարդությունը, որպեսզի, ինչպես ռուսներն են ասում, «себя показать, на других посмотреть»: Այնտեղ գիտելիքներ ձեռք բերելուց բացի` նրանք կներկայացնեն հայկական մշակույթը, երգը, պարը, տարազները, տեղական արտադրանքը` կաթնամթերք, քաղցրեղեն, ավանդական ուտեստներ ու հայկական դեղձն ու ծիրանը:

Գայանե Մարտիրոսյան

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am