Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPER

6 Սեպտեմբեր, Երկուշաբթի | 18:38
ՔԱՂԱՔԱԿԱՆ
NewsInterviewAnalyticsGallery
Արսեն Քարամյանը լավատես է
Տեղադրվել է 10-12-2009
Պետական երիտասարդական քաղաքականությունը որպես գերակա ուղղությո՞ւն:
Հարցազրույց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

-Պարո՛ն Քարամյան, գաղտնիք չէ, որ մեր հասարակության զգալի մասը երիտասարդներն են: Այսօր ո՞րն է պետություն-երիտասարդություն փոխհարաբերությունների առանցքը:

-ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետական լիազոր այն մարմինն է, որին վերապահված է իրականացնել պետական երիտասարդական քաղաքականությունը:

Պետությունն ի դեմս երիտասարդության ունի բազմամարդ թիրախային խումբ եւ իր աշխատանքն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով` ապահովելով նրանց քաղաքական, մշակութային եւ տնտեսական մասնակցություն: Պետական երիտասարդական քաղաքականության առանցքը հանրային կյանքի ամենատարբեր խնդիրների լուծման գործին երիտասարդների մասնակցության ապահովումն է` որոշումների կայացումից մինչեւ դրանց իրականացում:

-Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում երիտասարդների խնդիրների լուծման ուղղությամբ:

-Ընթացիկ տարվա կեսերից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել մինչ այժմ առկա ծրագրերի վերանայմանն ու բարեփոխմանը, արագ փոփոխվող աշխարհում մեր քայլերը և արձագանքները ևս պետք է լինին տվյալ ժամանակին հանահունչ, ինչպես նաեւ քայլեր է ձեռնարկել նոր ծրագրերի ներդրման ուղղությամբ:

Պետական երիտասարդական քաղաքականությունը պետք է հասանելի լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր երիտասարդի` անկախ այն հանգամանքից` նա բնակվում է մայրաքաղաքում, թե հեռավոր սահմանամերձ գյուղում:
Բնականաբար հնարավոր չէ միայն նախարարության ուժերով լուծել առկա խնդիրները: Ըստ այսմ` այդ խնդիրներին լուծում տալու նպատակով մենք համագործակցում ենք պետական այլ գերատեսչությունների ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ:

-2010 թվականի բյուջեի պլանավորման ժամանակ ի՞նչ ծրագրեր են ներառվել երիտասարդական քաղաքականության ոլորտում:

-Էապես մեծացվել է հասարակական կազմակերպություններին տրվող դրամաշնորհների ընդհանուր ծավալը. մոտ 32 միլիոն դրամից հասել է 60 միլիոնի:

Ընթացիկ տարվա կեսերից նախաձեռնել ենք onlne դրամաշնորհային համակարգի ներդրումը, որը երիտասարդական, հասարակական կազմակերպությունների համար ավելորդ վարչարարությունից զերծ մրցակցային հնարավորություններ է բացելու հիշյալ դրամաշնորհներին մասնակցելու առումով: Եւ ամենակարեւորը` ապահովում է իրականացվող ծրագրերի հրապարակայնությունն ու թափանցիկությունը` մեր հասարակությանը լիարժեքորեն հնարավորություն տալով տեսնելու, թե ինչպես են ծախսվել դրամաշնորհի գումարները:

-Երիտասարդները ներկայացնում են հասարակական տարբեր շերտեր, տարբեր խմբեր: Պետական քաղաքականության վարման ընթացքում արդյո՞ք հաշվի են առնվում այդ բաժանումները:

-Անկախ կուսակցական պատկանելությունից, գույնից ու հայացքներից` նրանք երիտասարդ են եւ կազմում են մեր թիրախային խումբը: Մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը գտնվում է ոչ կազմակերպված հատվածի մեջ, եւ դա, իհարկե, քաղաքականություն իրականացնելիս որոշակի բարդություններ է առաջացնում:

Ցանկալի է, որ երիտասարդներն առավել ակտիվ լինեն եւ ընդգրկվեն տարբեր կազմակերպություններում, միավորումներում:

-Պետական մակարդակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզային երիտասարդների խնդիրները լուծելու ուղղությամբ:

-2010 թվականի բյուջեով նախատեսվում է պետական երիտասարդական քաղաքականության ծանրության կենտրոնը մայրաքաղաքից տեղափոխել մարզեր: Եկող տարի կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, իրականացվելու են զանազան ծրագրեր, անցկացվելու են ոչ ֆորմալ կրթության դասընթացներ:

-Ձեր կարծիքով` այս ծրագրերը կարո՞ղ են կանխել մարզային երիտասարդների արտագաղթը:

-Իհարկե ոչ: Մարզային երիտասարդների արտագաղթը կանխելու համար պետությունը հնարավորության սահմաններում պետք է երկու խնդիր լուծի. առաջինը` աշխատատեղերի ստեղծման, երկրորդը` բնակարանային պայմանների ապահովման: Թերեւս բնակարանային խնդիրն այսօր կարելի է սոցիալական թիվ մեկ խնդիրը համարել:

ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում ներկայացված «Երիտասարդ ընտանիքներին բնակարաններ եւ ավտոմեքենաներ` մատչելի պայմաններով» ծրագիրը ներկայումս գտնվում է Կառավարությունում, եւ դա մարզաբնակ երիտասարդներին ավելի մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն կտա:

Աշխատատեղեր ստեղծելու խնդիրը մեր նախարարության գործունեության շրջանակից դուրս է, սակայն մենք կարող ենք որոշակի առաջարկներով հանդես գալ: Նախարարության նախաձեռնությամբ 2010 թ-ի մայիսին կազմակերպվելու է երիտասարդ հայ գործարարների համահայկական համաժողով, երիտասարդ գործարարների համար սա կլինի նոր նախաձեռնությունների հղացման միջավայր, համատեղ նոր բիզնես ծրագրեր կազմելու և հայրենիքում ներդնելու մի հավելյալ հնարավորություն:

-Մինչ օրս «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի ընդունվել: Ըստ Ձեզ` երիտասարդության ոլորտում ո՞րն է օրենսդրական ամենամեծ բացթողումը:

-Օրենքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, եւ վերջին վեց ամսվա ընթացքում մեկ-երկու անգամ մասնակցել ենք քննարկումներին, եղել են որոշակի լրամշակումներ: Կարծում եմ` օրենքի նախագիծը գարնանային նստաշրջանում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Այս օրենքի ընդունումից հետո մեր երիտասարդները որոշ հարցերում ավելի պաշտպանված կլինեն: Նախագծում ներկայացված մի շարք դրույթներ բարենպաստ միջավայր կստեղծեն երիտասարդների սոցիալական խոցելի շերտերի համար:

-Աշխատանքային այցերով Դուք եղել եք տարբեր երկրներում. ինչո՞վ է հայ երիտասարդը տարբերվում այլազգի երիտասարդներից:

-Աշխարհի բոլոր երիտասարդները, ինչպես նաեւ հայ երիտասարդները, կանգնած են նույն խնդիրների առաջ: Սակայն մեր երիտասարդների աչքերի մեջ աշխատելու ցանկություն, պայքարելու ձգտում եմ տեսնում:

Ընդհանրացնելով պետք է ասեմ, որ աշխարհի բոլոր երիտասարդների շրջանում երկու խնդիր կա` լավ կրթություն ստանալ եւ նորմալ աշխատանք ունենալ: Այս երկու խնդիրները համընդհանուր են եւ միավորում են բոլոր երիտասարդներին:

|
 
Eritasard | YOUTH ONLINE NEWSPAPERՀարցազրույց | Վերլուծություն | Պատկերասրահ
Գլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
© ERITASARD, 2010. All Rights Reserved
ZOOM GRAPHICS
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ
«Երիտասարդ» օն-լայն պարբերական
Սարյան 22, Երեւան, 0002, ՀՀ
Հեռախոս/Ֆաքս` (+374 10) 555 240, Էլ. փոստ info@erit.am