Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-05-2015
Թարգմանական արվեստը՝ ցուցահանդեսի տեսքով…
Այսօր «The Club» ակումբում բացվեց «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադեւոսյան» հետազոտական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված էին Վիգեն Թադեւոսյանի թարգմանական վեց նմուշներ՝ «Վրձնի հայ վարպետներ», Ռուդոլֆ Շտայների «Հայր մեր», «Մարս», Կարեն Սվասյանի «Ֆենոմենոլոգիական ճանաչում» եւ Անտոնեն Արտոյի «Վան Գոգ. անձնասպանը հասարակության» թարգմանական ստեղծագործությունները: Ցուցահանդեսի համադրող Նարե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը հիմնված է արվեստագետ Վիգեն Թադեւոսյանի թարգմանական գործունեության շուրջ արված հետազոտական աշխատանքի վրա. «Չեմ կարող ասել, որ սա աննախադեպ նախաձեռնություն է, բայց նման հետազոտական աշխատանքներ հաճախ չեն արվում: Ցուցահանդեսը արվեստային հայտ չունի իր մեջ, ներկայացված նմուշներն արվեստի գործեր չեն. այն զուտ հետազոտություն է»: Նարեն հավելեց նաեւ, որ ներկայացված են ինչպես տեքստային, այնպես էլ մշակութային թարգմանություններ. «Գրքերից մեկում նա աշխատել է այնպես, որ եվրոպական միտքը թափանցի հայկական գիտակցություն, մյուս գիրքը ինքնահրատ է: Մենք նաեւ մի պատկեր ունենք, որը ցույց է տալիս թարգմանչի աշխատանքը ապստրակտցիոնիզմի հետ: Մնացածը թարգմանական նմուշներ են»: Նշենք, որ ցուցահանդեսի հետազոտական աշխատանքը եւ համադրման գործն իրականացվել են արվեստաբան Վարդան Ազատյանի խորհրդատվությամբ եւ աջակցությամբ: Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Ակումբ»-ի նախաձեռնությամբ ու համաֆինանսավորմամբ եւ Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի մասնակի ֆինանսական աջակցությամբ: Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանի Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի