Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-09-2019
Չավին գիտի, թե ով կլինի լավագույնը Մեսսիից ու Ռոնալդուից հետո
Եվրոպական ֆուտբոլի երբեմն լավագույն կիսապաշտպանը գիտի, թե ով կզբաղեցնի «գահը» վերջին 10-15 տարվա լավագույն հակամարտության ավարտից հետո։

Արաբական «Ալ Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ Մեսսիի և Ռոնալդուի հեռանալուց հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կարող է դառնալ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Ռահիմ Ստեռլինգը:

Բրիտանական «Mirror» պարբերականը մեջբերում է Չավիի խոսքերը. «Մեսսին ու Ռոնալդուն լավագույնն էին այնքան տարիներ, որ դժվար է նույնիսկ հիշել, թե ով էր նրանցից առաջ։ Կարծում եմ, որ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Նա և Ռոնալդուն շարունակում են խաղալ լավագույն մակարդակի վրա, բայց շուտով կգա մի պահ, երբ ինչ-որ մեկը կզբաղեցնի նրանց տեղը գահին: Կան շատ խաղացողներ, որոնք կարող են դառնալ լավագույնը՝ Նեյմարը, Մբապեն, Սալահը և Ստեռլինգը։ Կարծում եմ, որ հենց Ռահիմն է առաջատարն այս մրցակցության մեջ։ Իր խաղով ու աշխատասիրությամբ նա աշխարհում լավագույնը դառնալու ներուժ ունի»։

Հիշեցնենք, որ 24-ամյա Ռահիմ Ստեռլինգը «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից։ Այս տարիների ընթացքում ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 197 հանդիպում, որոնցում խփել է 75 գոլ և կատարել 65 արդյունավետ փոխանցում: