Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2019
Ավանդույթ դարձած «Դդմատոնը» նպատակ ունի դաստիարակել էկոսերունդ
Հոկտեմբերի 23–ին և 24–ին Երևանի կենդանաբանական այգում սովորականից ավելի մարդաշատ էր, սակայն այս անգամ երեխաները հավաքվել էին, ոչ միայն կենդանիներին տեսնելու այլև մասնակցելու ավանդույթ դարձած «Դդմատոնին», որի շրջանակներում անցկացվեցին մի շարք հետաքրքիր ու հագեցած միջոցառումներ, ինչպես նաև կինոդիտում–քննարկումներ:
Տարեց տարի ավելի հետաքրքիր ու ընդգրկուն է դառնում «Դդմատոնը» Երևանի կենդանաբանական այգում: Այս տարի «Դդմատոնը» իրականացվում է Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում։ 

Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 23–ին կենդանաբանական այգում տեղադրվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի հեղինակած «Առյուծ» քանդակը։

«Դդմատոնի» մեկնարկից հետո դպրոցներից յուրաքանչյուր թիմ տարբեր մրգերից և բանջարեղենից պետք է պատրաստեր իր նախընտրած կենդանու սննդակարգին համապատասխան ուտեստը և այն  մատուցեր իրենց կողմից պատրաստված դդմե տարաներով։
 
Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատու Անահիտ Մանթաշյանի խոսքով, ամեն տարի հենց հոկտեմբեր ամսին է անցկացվում այս տոնը, որը խորհրդանշում է աշնան բերքաբերություն․ «Ընտրել ենք հենց դդումը, քանի որ այն կարևոր տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում, ինչպես նաև կենդանիների սննդակարգում։ Կենդանաբանական այգու կենդանիների մեծ մասի՝ փղերի, գետաձիերի, արջերի սննդակարգի հիմնական մաս է կազմում դդումը։ «Դդմատոնի» գլխավոր նպատակն էկոսերունդ դաստիարակելու գաղափարն է, –նշեց  Անահիտն ու հավելոց, – կենդանիներին ավելի լավ ճանաչելով երեխաները սկսում են սիրել ու չվնասել նրանց»։
 
Մրցույթի արդյունքում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած դասարանները հնարավորություն կունենան մեկ տարի շարունակ անվճար այցելել կենդանաբանական այգի, մասնակցել այգում կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու ծանոթանալ նոր ներմուծվող կենդանատեսակներին։

«Դդմատոնի» ընթացքում, Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ նաև «Դարվինի աչքաթող արածը. Բալեարյան կղզիներ» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-25-ը Երևանում անցկացվում է «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival), որն իրականացվում է «Արևորդի բնության և մշակույթի պահպանման» ՀԿ-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) կողմից: 

Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019թ․-ը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ փառատոնի առանցքում ևս կլինի կովկասյան հզոր հովազը։ 
 
«Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երևանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական և ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարանները, ինչպես նաև՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

Պատկերասրահ՝ «Դդմատոնը» Երևանի կենդանաբանական այգում