Նյութը՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ից
Տեղադրվել է 29-10-2019
Երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ավարտվեց «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը
ՀՀ 2019թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ավարտվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինասնավորմամբ իրականացվող «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը:
Այն իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հկ-ն՝ նպատակ ունենալով նպաստել տարվա երիտասարդական մայրաքաղաքի երիտասարդների մեդիագրագիտությանը, մեդիայի միջոցով երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը: 


Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-16-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց դասընթաց, որին մասնակցեցին վանաձորցի 25 երիտասարդներ: ՏԻՄ ոլորտի փորձագետ Արշավիր Ղուկասյանը, Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Մաթևոյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցման մասնագետ, «ԿԱՄՔ» հկ նախագահ, լրագրող Նազելի Ավագյանը դասընթացի մասնակիցներին հաղորդակից դարձրեցին տեղական ինքնակառավարման մասնակցային սկզբունքներին, հանրության մասնակցության կարգին, համայնքում քաղաքացիական նախաձեռնություն իրականացնելու քայլերին, փոխանցեցին գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության, տեղեկատվություն ստանալու, հարցազրույց վարելու, լրագրողական հոդված պատրաստելու, ճիշտ լուսանկարելու, բլոգ բացելու և վարելու  վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները շահառուները հնարավորություն ուենցան կիրառելու գործնականում:  Կատարելով համայնքի կարիքների գնահատում և համայնքային նշանակության խնդիրների բացահայտում՝ ծրագրի շահառու երիտասարդներն այցելեցին Վանաձորի քաղաքապետարան և հարցազրույցներ վարեցին վերհանված համայնքային խնդիրների լուծման համար պատասխանատու տարբեր պաշտոնյաների հետ:  Այնուհետև պատրաստեցին հոդվածներ և տեղարդեցին ծրագրի շրջանակում բացված «Վանաձոր մեդիաբլոգ» հարթակում



Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ ծրագրային ընդհանուր բլոգից, ծրագրի  շահառուների մեծ մասը հենց դասընթացի ընթացքում արդեն բացել և վարում էին իրենց անհատական բլոգները, որտեղ պատրաստվում են տեղադրել տարաբնույթ նյութեր՝ կախված իրենց նախասիրություններից: Դասընթացը հաջողությամբ ավարտողներն ստացան հավաստագրեր:



Նշենք, որ «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց»  ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը (նրանք՝ որպես բլոգերներ, քաղաքացիական և ֆոտո լրագրողներ, իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տեղական և հանրապետական տարբեր ԶԼՄ-ների հետ՝ կայքեր, թերթեր, բլոգներ)...