Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Դայանա Ամիրխանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-10-2019
«Ես Վանաձորի խոսքի արվեստի և կամավորության զարկերակն եմ»․Դայանա Ամիրխանյան
Eritasard.am-ն իր «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում այս անգամ հյուրընկալել է Վանաձորի բազմազբաղ երիտասարդներից մեկին՝ Դայանա Ամիրխանյանին։ Դայանան 18 տարեկան է։ Չնայած տարիքին, արդեն հասցրել է մի շարք ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալել, ճանաչվել և սիրվել։ Իսկ թե որ ոլորտների մասին է խոսքը, և թե Վանաձորի որ զարկերակն է Դայանան, կպարզենք միասին։

Ակտիվ գործունեությանս մեկնարկը տրվել է․․․
Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական համալսարանի նախակրթական քոլեջում։ Այդ տարիներին բազմաթիվ միջոցառումների և համերգների եմ մասնակցել։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոց, որտեղ 7-9-րդ դասարաններում եղել եմ աշակերտական խորհրդի նախագահ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն հաղորդակցության բաժին։ Դեռ 7-րդ դասարան էի, երբ երազում էի սովորել այդտեղ։ Ի վերջո երազանքս վերածվեց նպատակի, որը հիմա արդեն իրականություն է։ Սա այն կրթական հաստատությունն է, որը լայն հնարավորություներ է տալիս ուսանողներին։ 

Ապագայում ցանկանում եմ դառնալ․․․
դիվանագետ, ուստի այն կրթությունը, որն այս պահին ստանում եմ, անշուշտ ինձ օգնելու են հետագայում։ Գաղտնիք չէ, որ դիվանագիտական ոլորտում լեզուների իմացությունը կարևոր է և անհրաժեշտ։ 
 


Կամավորությամբ սկսել եմ զբաղվել, երբ․․․
15 տարեկան էի։ Առաջին կամավորությունս եղել է «ԻնֆոՏանը», այնուհետև՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ում։ Ի դեպ այդտեղ արվեստի պատմություն, մաթեմատիկա և մայրենի, անգլերեն էի դասավանդում։ Կամավորական գործունեությունս այսքանով, սակայն չի սահմանափակվել։ Առ այսօր մի շարք կազմակերպություններում հանդես եմ գալիս որպես կամավոր։ 

Ակտիվ թղթակցել եմ 17․am-ին, սակայն․․․
ժամանակիս սղության պատճառով, ցավոք, 4 ամիս է, ինչ ակտիվ թղթակից չեմ։ 

Առաջին բանաստեղծությունս գրել եմ․․․
4-րդ դասարանում։ Բանաստեղծություններիս գերակշիռ մասը նվիրված են հայրենիքին։ Հայրենիքի հանդեպ սերը չեմ կարող նկարագրել։ Փոքրուց հայրենասիրական ոգով եմ դաստիարակվել։ Հայրիկս Արցախյան պատերազմի տարիներին է ծառայել, ինչն ինձ համար հպարտության և ոգեշնչման աղբյուր է եղել։ Եվ իհարկե, Ապրիլյան պատերազմը, որն աննկարագրելի հույզեր է իմ մեջ արթնացրել։ Այդ օրերն աննկարագրելի էին։ Թղթի վրա պարզապես գրեցի․ «Իսկ կյանքը․․․»։ Հետագայում այն դարձավ արձակ։ Որոշեցի ձայնագրվել և հանրայնացնել՝ «Իսկ կյանքը․․․» կամ «Քառօրյա կյանք» խորագրով։ Ապագայում պլաններ կան բանաստեղծություններս մեկ գրքում ամփոփել։ 
 


Գործունեություն եմ ծավալում նաև․․․
հաղորդավարության ոլորտում։ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումները հաճախ եմ վարում։ Բացի դա, հանդես եմ եկել որպես դերասանուհի՝ Հայոց բերդը պատմվածքից բեմադրված ներկայացումում։  

Վանաձորն աշխարհի ամենա․․․
ջերմ ու երիտասարդ քաղաքն է։

Վանաձորի երիտասարդներն աշխարհի ամենա․․․
հանդուրժողն ու բարին են։



Վանաձորի կամավորներն ամենա․․․
ակտիվն ու նախաձեռնողն են։

Վանաձորի բանաստեղծներն ամենա․․․
ներշնչողն են։

Վանաձորի հաղորդավարներն ամենա․․․
հնչեղն ու գեղեցիկն են։

Վանաձորն ինձ համար․․․
թթվածին է։



Ես Վանաձորի համար․․․
նրա զարգացման մի մասնիկն եմ։

Վանաձորի ամենասիրելի վայրերը․․․
Արցախ պուրակ

Վանաձորի բարբառով ամենասիրելի և կիրառելի արտահայտություններս են․․․
դբա լավը։

Ես Վանաձորի․․․
խոսքի արվեստի և կամավորության զարկերակն եմ։