Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-11-2019
Yerevan Jazz Fest 2019. քաղաքը ջազ է լսում
Ջազի սիրահարներին հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անակնկալ էր սպասվում։ Այստեղ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ հանդես եկավ գեղեցիկ համերգով։
Yerevan Jazz Fest 2019-ի շրջանակում իրականացրած համերգի ընթացքում հանդես եկան նաև Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր՝ Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:

Համերգն անցավ լեփ-լեցուն համերգասրահում՝ հանդիսատեսի ջերմ արձագանքների ներքո: 



Հավելենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: 

Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը։



Ջոն Մարշալը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է Հայաստան ժամանելու համար, որտեղ բազմաթիվ երաժիշտ ընկերներ ունի: Ասաց` Հայաստանի մասին շատ բան չգիտի, միայն համացանցում հետաքրքիր տեսանյութեր է տեսել, որոնցից  տեղեկացել է երկրի մասին: Կարծում է` հայ հանդիսատեսը կվայելի ճաշակով երաժշտությունը և գոհ կմնա:

Ի դեպ, նոյեմբերի  1-ին նույնպես ֆանտաստիկ համերգ է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ ելույթ կունենան «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խումբը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը, Լուսի Եղիազարյանը և իհարկե շեփորահար  Ջոն Մարշալը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին քառակի գրեմմիակիր բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով մեկնարկեց  ամենամյա միջազգային ջազ փառատոնը՝ Yerevan Jazz Fest 2019-ը: