Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-11-2019
«Apple»-ը թողարկեց նոր սերնդի անլար ականջակալներ
«AirPods Pro» ականջակալները լիովին խլացնում են դրսի աղմուկը եւ լիարժեք պաշտպանված են ջրից ու փոշուց։

Ամերիկյան հայտնի «Apple» ընկերությունը օրերս թողարկել է տրենդային համավող անլար ականջակալների նոր սերունդը, որը ստացել է «AirPods Pro» անվանումը։ Արտաքնապես եւ ֆունկցիոնալությամբ նոր անլար ականջակալները բավականին տարբերվում են նախորդ «AirPods» ականջակալներից:



«AirPods Pro» ականջակալների վրա տեղադրվել են սիլիկոնից պատրաստված փափուկ ներդիրներ, որոնք կարող են լինել 3 տեսակի։ Այն օգտատիրոջ ականջի մեջ ընդունում է համապատասխան ձեւ՝ թույլ տալով լիարժեք հարմարավետություն:

Բացի այս նորարարությունից, «Apple»-ի մասնագետները հավաստիացնում են, որ «AirPods Pro» ականջակալները լիովին խլացնում են դրսի աղմուկը եւ լիարժեք պաշտպանված են ջրից ու փոշուց: Հնարավորություն կա նաեւ միացնելու «թափանցիկ» ռեժիմ, որն անջատում է արտաքին աղմուկի խլացուցիչը։ Սա կարող է օգտակար լինել, եթե օգտագործողն անցնում է փողոցը կամ վերջինիս անհրաժեշտ է չկտրվել արտաքին աշխարհից։



Վերոնշյալ ռեժիմը միանում է ականջակալի վրա գտնվող փոքրիկ փոխանցիչի միջոցով, որով հնարավոր է նաեւ պատասխանել զանգերին:

Հատկանշական է, որ «AirPods Pro» ականջակալներն ամբողջական լիցքավորումից հետո պատրաստ են աշխատել մինչեւ 5 ժամ՝ երաժշտություն լսելու համար: Արտաքին աղմուկի խլացման ռեժիմում ականջակալներն աշխատում են շուրջ 4.5 ժամ: Ականջակալների տուփը ծառայում է որպես մարտկոց. կարելի է դրանք լիցքավորել եւ այդ դեպքում հնարավոր է 24 ժամ երաժշտություն լսել ու 18 ժամ խոսել։



Ականջակալների տուփը հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: Ի դեպ, «AirPods Pro» ականջակալների գինը զգալիորեն կգերազանցի առաջին սերնդի՝ «AirPods»-ի գնին. նոր սերդնի անլար ականջակալները «Apple»-ի առցանց խանութում վաճառվելու են 250 դոլարով։