Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նազելի Գրիգորյանի
Տեղադրվել է 03-11-2019
Երևանում մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը
Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրներից մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Իսկ Երևանում փառատոնն առանց մաեստրո Տիգրան Մանսուրյանի, իհարկե, չէր կարող լինել:

Փառատոնի մեկնարկային համերգային երեկոն կայացավ նոյեմբերի մեկին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը կատարեց իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելոն: 

«Բազմիցս կատարել եմ Մանսուրյանի կոնցերտը‚ սակայն առաջին անգամ եմ այն Հայաստանում ներկայացնելու‚ ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ դուր է գալիս երաժշտության լեզվով խոսելու մանսուրյանական ոճը»‚-ասաց Բրունելոն։

Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում:

«Ուրախ եմ, որ իմ վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը, իսկ Մարիո Բրունելոն թավջութակի վարպետ է: Մի քանի տարի է, ինչ սպասում եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես դա տեղի ունեցավ»,- նշեց կոմպոզիտորը:
Փառատոնի ընթացքում, որն անցկացվելու է մինչև նոյեմբերի 9-ը, հայտնի կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։