Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-11-2019
Համերգ՝ նվիրված լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում համերգային երեկո նվիրվեց մեծանուն լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

 Համերգին նրա ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կատարեցին ջութակահար Ջու-Յոնգ Բիքը և թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսը: Համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի առաջին ստեղծագործությունը, որը ղեկավարեց հենց Քշիշտոֆ Պենդերեցկին, Ադաջիոն էր՝ թիվ 3 սիմֆոնիայից:

Լեհաստանի «Արծաթե արծիվ»-ը կարևորեց նմանատիպ փառատոններն ու նշեց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի հետ աշխատանքն իրեն դուր է գալիս, և ինքը գոհ է երաժիշտների հետ համագործակցությունից:

«Կարծում եմ՝ նման փառատոն իրականացնելը հրաշալի նախաձեռնություն է: Այն, ինչ անում են Սերգեյ Սմբատյանն ու Էդուարդ Թոփչյանը ժամանակակից երաժշտության զարգացման համար, շատ կարևոր է»,- նշեց կոմպոզիտորը:

Թավջութակահար Կլաուդիո Բոհորքեսի և Պենդերեցկու բարեկամությունը տարիների վաղե,մություն ունի. Ամեն ինչ սկսվել է քսան տարի առաջ, երբ Բոհորքեսը դեռ ուսանող էր:

«Մեր ծանոթությունից ի վեր հաճախ եմ կատարել նրա ստեղծագործությունները. Պենդերեցկու գործերը շատ հարազատ են ինձ, բացի այդ՝ Պենդերեցկին և նրա կինն ասես իմ երկրորդ ծնողները լինեն»,-խոստովանում է երաժիշտը:

Բոհորքեսը ջութակահար Ջու-Յոնգ Բիքի հետ կատարեցին կոմպոզիտորի  Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար:

«Այս կոնցերտի մասին հետաքրքիր փաստն այն է, որ այն ի սկզբանե գրվել է  միայն ջութակի և նվագախմբի համար: Հետագայում միացել է նաև թավջութակը: Դա  բավականին բարդ գործ է. ասես մարտահրավեր լինի թավջութակահարի համար: Ես շատ ուրախ եմ, որ Պենդերեցկին սիրում է թավջութակն ու հաճախ բարձրաձայնում  այդ մասին»,-ընդգծեց թավջութակահարը:

Անդրադառնալով նվագախմբին՝ նա նշեց, որ ութ տարի առաջ Հայաստանում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 

«Սա հրաշալի նվագախումբ է: Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ Հայաստան ու կարող եմ վայելել լավ երաժիշտների ընկերակցությունն ու ձեր երկրի գեղեցկությունը»,-եզրափակեց Կլաուդիո Բոհորքեսը:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Պատկերասրահ՝ Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված համերգ