Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Աստղիկ Օհանյանի
Տեղադրվել է 17-11-2019
Չաք Փոլընիքի «Մարտակումբը»՝ հայերեն
«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկացի նշանավոր գրող Չաք Փոլընիքի «Մարտակումբ» վեպը։ Գրքի թարգմանության, շապիկի ձևավորման, էջադրման ու սրբագրման գործընթացը տևել է ավելի քան երկու տարի։



«Զանգակ» գրատանը գրքի ծնունդը շնորհավորելու էին եկել գրականագետներ, երիտասարդ ստեղծագործողներ, թարգմանիչներ, մշակույթի գործիչներ և գրքի հետ պարբերաբար առնչվող գրքասեր քաղաքացիներ։

Այս գիրքը յուրահատուկ ասելիքներ ունի, որի առաջին պահանջն է՝ ոչ մեկին չպատմել մարտակումբի մասին։ Չաք Փոլընիքի այս գործը լույս է տեսել 1996 թվականին,  և Դեյվիդ Ֆինչերը 1999 թվականին նկարահանել է համանուն ֆիլմը (գլխավոր դերերում՝ Բրեդ Փիթ և Էդվարդ Նորթոն):



«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ թե՛ վեպը, թե՛ ֆիլմը 1990-ականներին ամենամեծ հանրային արձագանք առաջացրած գործերից են և ունեն պաշտամունքային կարգավիճակ․ «Մենք որոշեցինք հրատարակել այս գիրքը, որովհետև այն մեծ աղմուկ էր առաջացրել։ Բազմաթիվ հայ ընթերցողներ անհամբեր սպասում էին «Մարտակումբ»-ի թարգմանությանը: Այն թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով, բազմիցս նաև՝ ռուսերենով և անգլերենով»:

«Մարտակումբ»-ը անգլերենից թարգմանել է Արթուր Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ վեպի հերոսները սկսում են հաճույք ստանալ կռվից՝ խեղդելով դրա մեջ իրենց դժվարությունները․ «Այդ կռվին միանում են շատերը. խումբն անվանակոչվում է «Մարտակումբ»։  Ակումբում կան օրենքներ, որոնք խախտել չի համարձակվում ոչ մեկը՝ նույնիսկ ստեղծողները»։



Գրականագետ Հայկ Համբարձումյանն ասում է, որ ամերիկյան այս արտասովոր վեպը տարբեր շերտեր ու գաղափարներ ունի․ ««Մարտակումբ»-ը ինչ-որ առումով նաև գիրք-ընդվզում է, գիրք-ահաբեկչություն։ Այն հասկանալու համար պետք է պարզել թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը։ Կարծում եմ՝ այս վեպում կռիվ տալու գաղափարը փիլիսոփայական մակարդակից իջեցված է բազային, հողային մակարդակի»։

Խոսելով թարգմանական առանձնահատկությունների մասին՝ Արթուր Մեսրոպյանն ասաց․ «Մահվան հրաշք․ այսպես է հեղինակն անվանել իր վեպը։ Կյանքի և մահի իրական արժեքը հասկանալու համար հորդորում եմ անպայման կարդալ այն։ Ինչպես շատ գրքեր, այնպես էլ սա պետք է որոշակի օտար և տարբեր շունչ բերի։ Ինձ համար կարևոր էր պահպանել գրողի ոճը, ձեռագիրը։ Փոլընիքն իրականում «գժոտ» հեղինակ է, անգլերենի լեզվական որևէ կանոնի չհամապատասխանող գրող,  բայց ես փորձեցի պահպանել հեղինակի ոճը»։



Արթուր Մեսրոպյանը նշեց նաև, որ վեպի գլուխները գրվել են առանձին-առանձին։ Սկզբից այն նախատեսված է եղել որպես պատմվածք, բայց հետո Փոլընիքի գրաքննադատները խորհուրդ են տվել այն վեպ դարձնել․ «Յուրաքանչյուր գլուխ կարծես նոր վեպի սկիզբ լինի։ Այս վեպում հայհոյախոսություններ և բաց տեսարաններ չկան, ինչպես, օրինակ, ֆիլմում է։ Փոլընիքը միտում չի ունեցել տպավորելու։ Անկեղծ, ընկերական ու անմիջական զրույցներն ինձ մոտ որոշակի թարգմանական խնդիր առաջացրին»։ 

Այնուամենայնիվ, Փոլընիքի սխալ քերականական կառույցները շրջանցելով, թարգմանիչը փորձել է անգլերենին հավատարիմ մնալ։ Վեպը հիմնականում տղամարդկանց մասին է։ «Մարտակումբ»-ը պատկերային լուծումներ է տալիս տղամարդկանց հետաքրքրությունների, նախասիրությունների մասին։ Արթուր Մեսրոպյանի խոսքով՝ վեպի հրատարակումից հետո աշխարհի տարբեր երկրներում բացվել են մարտական ակումբներ։



Կինոգետ Կարեն Ավետիսյանն էլ խոսեց ստեղծագործության էկրանավորման մասին։ Ըստ նրա՝ Փոլընիքի երեք վերահրատարակում ունեցած այս վեպի համանուն ֆիլմի առաջացրած արձագանքի շնորհիվ էր, որ ունեցավ լուրջ հաջողություններ․ «Թեև պետք է ասեմ, որ կարճաժամկետ հեռանկարում սկզբնական շրջանում ֆիլմը չունեցավ այն հաջողությունը, որն ակնկալվում էր։ Չորս ռեժիսոր ունեցած ֆիլմը 20 տարի անց շարունակում է մնալ ամենադիտվող ֆիլմերից մեկը»։ 

Նկարազարդող Արարատ Մինասյանն էլ, երբ իմացել է գրքի հրատարակման մասին, հրատարակչությանն ինքն է առաջարկել շապիկը ձևավորել. «Ուսումնասիրեցի «Մարտակումբ»-ի օտարալեզու բոլոր հրատարակությունները, հետո հասկացա, որ գրքի շապիկի ձևավորումը ֆիլմի հետ չպետք է կապել։ Կարծում եմ՝ հաջողված տարբերակ ենք ընտրել, և ընթերցողին այն դուր կգա»։



Հ․Գ․։ Չաք Փոլընիքը տրանսգրեսիվ գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Նրա քսանից ավելի վեպերն ու պատմվածքները շոշափում են հասարակության լուսանցքում մնացած մարդկանց կյանքն ու նրանց հաճախ ագրեսիվ վարքը։