Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-11-2019
Կայացավ փորձագիտական խմբի այցն Արմավիր
«ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած 5 քաղաքների թվում է նաև Արմավիրը։ Մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները նոյեմբերի 18-ին այցելեցին Արմավիր։ Վերջիններիս ուղեկցում էր Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Անի Խաչատրյանը։

Փորձագետներին առաջինը հյուրընկալեց համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Վերջինս փորձագետներին ներկայացրեց քաղաքի ռեսուրսները, երիտասարդների գործունեությունը, ՀԿ-ների և համայնքապետարանի ակտիվ համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև արմավիրցի մի շարք երիտասարդներ։ 

Հաջորդիվ փորձագետներն  այցելեցին Արմավիրի մշակույթի տուն, որտեղ հաճախ են միջոցառումներ տեղի ունենում՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ 

Օրերս Արմավիրում բացվել է մի գողտրիկ անկյուն՝ «ՆՈՒԿ» սրճարանը։ Սրճարանը գործելու է հասարակական հիմունքներով և ստացված հասույթն ուղղվելու է երիտասարդական ծրագրերին։ Փորձագիտական խումբն այցի շրջանակներում ծանոթացավ նաև սրճարանի գործունեությանը։

Հաջորդ կանգառն Արմավիրի մարզային գրադարանն ու Արմավիրի մշակույթի քոլեջն էր։ Փորձագետները զրույց ունեցան քոլեջի ուսանողների հետ, ծավալվեց հարց ու պատասխան։ 

Այցեր կատարվեցին նաև մի քանի հասարակական կազմակերպությունների գրասենյակներ՝ «Երիտասարդական Ավանգարդ», «Ինտեգրացիոն ակումբ՝ հանուն սոցիալական փոփոխության», «ՄԻՏՔ», «Արմավիրի Զարգացման կենտրոն»։ «Ինտեգրացիոն ակումբ՝ հանուն սոցիալական փոփոխության» ՀԿ-ի ղեկավար Օժենի Ավետիսյանը ներկայացրեց ՀԿ-ի ծավալած ակտիվ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Այս ՀԿ-ն մշտապես ակտիվ համագործակցություն է ծավալում նաև համայնքապետարանի հետ։ 

«ՄԻՏՔ ՀԿ»-ի գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է․ գործունեություն է ծավալում մի շարք քաղաքներում ևս, սակայն գլխավոր մասնաճյուղը գտնվում է Արմավիրում։  

Արմավիրի զարգացման կենտրոնը թերևս Արմավիրի ոչ միայն ամենամեծ, այլ նաև տարիների պատմություն ունեցող ՀԿ-ն է․ գործում է 2005թ․-ից, ընդ որում՝ այն նաև համարվում է Հայաստանի ամենամեծ ՀԿ-ներից մեկը։ Հայտնի է միջոցառումների և փոխանակման ծրագրերի իրականացմամբ։ 

Ի դեպ, առաջիկայում՝ նոյեմբերի 23-ին, Արմավիրում կկայանա «Արմավիր ֆեստ» ծրագիրը, որն իրականացվելու է 8 հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ համայնքապետարանի աջակցությամբ։ 

Արմավիրում գործում է նաև  «Մարտիրոսյան» կավագործության արվեստանոցը, որն առանձնահատուկ վայր է ոչ միայն արմավիրցիների, այլ նաև զբոսաշրջիկների համար։ Ի դեպ, անակնկալ հանդիպում կայացավ մարզ այցելած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանախարար Գևորգ Լոռեցյանի հետ։ 

Նշենք, որ Արմավիրն արդեն երկրորդ անգամն է մասնակցում  տարվա երիտասարդական մայրաքաղաք դառնալու մրցույթին։ Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Անի Խաչատրյանը նշեց, որ Արմավիրն իսկապես ունի բոլոր շանսերը՝ 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու։ 

«Կարծում եմ, որ այս տարի մեր ներկայացրած հայտը մրցակցային է, իսկ մենք՝ առավել պատրաստ։ Արմավիրն ունի բոլոր նախադրյալները 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար։ Մենք ունենք ուժեղ ՀԿ-ներ, որոնք մշտապես ակտիվ համագործակցություն են ծավալում քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանն իր հերթին մշտապես աջակցություն է ցուցաբերում ՀԿ-ներին։ Մենք ունենք շատ ակտիվ երիտասարդներ, որոնք աշխատում են զարգացնել և ակտիվ պահել իրենց մասնագիտական ոլորտները»,- նշում է նա։ 

Հարցին, թե ինչու հենց Արմավիրը պետք է դառնա 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք, Անի Խաչատրյանը նշեց է, որ ծրագրի մասնակցության համար աշխատել են երկար և համախմբված։ Բացի այդ,  ունեն ցանկացած մասշտաբի ու բարդության ծրագիր իրականացնելու բոլոր ռեսուրսները։

«Մեր քաղաքապետը ևս երիտասարդ է  և աշխատում է երիտասարդների հետ և երիտասարդների համար։ Եվ, ի վերջո, կարծում ենք՝ Արմավիրն իսկապես արժանի է կրել 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը»,- նշում է Անի Խաչատրյանը։ 

Նշենք, որ Արմավիրում գործում է 4 պետական քոլեջ, 3 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 4 գրադարան, շախմատի դպրոց, 3 մարզադպրոց, միջազգային ստանդարտներին համապատասխան մարզասրահներ։ Այս պահին վերակառման փուլում է գտնվում ֆուտբոլի մարզադաշտը, որտեղ հանդես կգա ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբը։ 

Արմավիրում ավանդաբար նշվում են երիտասարդների և ուսանողների տոները, անցկացվում կինոցուցադրություններ, քննարկումներ, ինչպես նաև «Վահագն» երգի պարի ազգային խումբն ամեն ամիս՝ Արմավիրի Կենտրոնական հրապարակում, անկացնում է պարուսուցման դասընթաց։ Քաղաքն անմասն չի մնում նաև ամանորյա տոնավաճառներից, փառատոններից, երիտասարդական հավաքներից, որոնք կազմակերպվում են քաղաքային զբոսայգում։ 

Արմավիրում անցկացվում են նաև երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրեր, որի ընթաքում քաղաքն իր հյուրընկալ դռներն է բացում օտարերկրացի երիտասարդների առջև։ 

Քչերը գիտեն, որ Արմավիրում է գտնվում Հայաստանում մեծությամբ 2-րդ և կենդանատենատեսակներով հարուստ կենդանաբուսաբանական այգին։ 

Առաջիկայում նախատեսվում է Արմավիրում աղբի տեսակավորման մշակույթ ձևավորել՝ Էկո Արմավիր ծրագրի շրջանակներում։ 

Այնպես որ, եթե ցանկանում եք, որպեսզի Արմավիրը դառնա 2020թ․ի երիտասարդական մայրաքաղաք, ապա մինչև նոյեմբերի 25-ն ակտիվ քվերակեք՝ 1041 համարին ուղարկելով EMAR կարճ հաղորդագրությունը։ 1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ է։ 

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Արմավիր (2019 թ.)