Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-11-2019
Փորձագետներին հյուրընկալեց նաև Գավառը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած 5 քաղաքների թվում է նաև Գավառը։
Մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները նոյեմբերի 19-ին այցելեցին Գավառ։ Վերջիններիս ուղեկցում էր «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Գավառ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Դաշտոյանը։ 

Փորձագետներին առաջինը հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Որպես մարզպետ՝ Սանոսյանը կարևորում է երիտասարդների դերը համայնքային և մարզային զարգացման գործընթացներում, ուստի առաջիկայում ակտիվ քաղաքականություն է տարվելու երիտասարդների ներգրավվածության շրջանակն առավել մեծացնելու ուղղությամբ։ 

Հաջորդիվ՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի ճեմասրահում փորձագետներին ներկայացվել են 12 կազմակերպությունների և անհատ երիտասարդների աշխատանքները՝ կապված նրանց ծավալած գործունեության հետ։ 

Հյուրերին ողջունել է նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ՝ հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, որը կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը նաև հոգևոր-մշակութային կյանքում, ինչի ուղղությամբ ևս ակտիվ քայլեր են ծավալվելու։  

Փորձագետներին շնորհանդեսի ձևաչափով ներկայացվել է  «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտը։ 

Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ)  երիտասարդության ներգրավվածության մակարդակը բավականին բարձր է։ Մասնավորապես՝ Գավառի համայնքապետարանում այս տարի երիտասարդների ներգրավվածության ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով շուրջ 47%-ի։ Համայնքի ավագանու անդամների 76%-ը ևս երիտասարդներ են, իսկ քաղաքապետարանի ենթակա կազմակերպություններում երիտասարդ մասնագետները կազմում են 68,76%։ Երիտասարդների 87,67%-ունի բարձրագույն կրթություն։ Չնայած արտագաղթին, երիտասարդներից շատերը ձգտում են գործունեություն ծավալել Գավառում՝ զարգացնելով իրենց մասնագիտական ոլորտները։ 

Փորձագետներին են ներկայացվել ՏԻՄ-երի՝ վերջին 5 տարվա ընթացքում երիտասարդական նախաձեռնությունների իրականացման նպատակով հատկացվող դրամական միջոցները։ 2018թ․-ին հատկացումը 2017թ․-ի համեմատ նվազել է մոտ 3 մլն դրամով՝ դառնալով 8 մլն: Նվազումը պայմանավորված է տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրականցմամբ։ Կարևոր է նաև ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման գործընթացը, ինչը նրանց համար մոտիվացնող բնույթ է կրում։ Ուսանողների զգալի մասը ներգրավված է կամավորական աշխատանքներում։ 

Փորձագետները ծանոթացել են նաև երիտասարդական կենտրոնների գործունեությանը․ինչպիսիք են՝ «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն, «Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Վորլդ Վիժն Հայաստան» երիտասարդական ծրագրերի շրջանակներում ստեղծված «Impact» և «Skye» ակումբները, Բանավեճի ակումբը և այլն։

Գավառի պետական համալսարանի ուսանողները ներկայացրել են ուսանողական խորհրդի գործունեությունը, միջազգային տարբեր ծրագրերում իրենց մասնակցությունները, արտերկրում սովորելու ընթացքում գրանցած հաջողությունները, ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Իսկ Գավառի բժշկական քոլեջի ուսանողները ներկայացրել են գործող կարիերայի կենտրոնի և դրա՝ մասնագիտական կողմնորոշման գործընթացը։ 

Նշենք, որ Գավառը նաև լուրջ հայտ է ներկայացնում առաջատար  IT մասնագետներ ունենալու հարցում։ Մասնավորապես՝ «Լուսին թեքնոլոջիս» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամն ակտիվ գործունեություն է տանում ոլորտի զարգացման հարցում։ 

Գավառի երիտասարդական քաղաքացիական կենտրոնն իր հերթին զբաղվում է մշտադիտարկումներով՝ համայնքի բյուջեի վերահսկողություն, թափանցիկություն, երիտասարդների ներգրավվածության ապահովում։ 

Քաղաքը վերջին տարիներին աչքի է ընկնում փառատոններով, որոնք մեծ շուքով անցկացվում են ամեն տարի։ Ակտիվ քայլեր են տարվում նաև զբոսաշրջության զարգացման հարցում, ընդ որում՝ զարգացման զարկը փորձում են ակտիվ պահել հենց երիտասարդները։ Մարզում, ընդհանուր առմամբ, գործում են ժամանցի և մշակույթի մեկ տասնյակից ավել հաստատություններ, որտեղ կրկին ակտիվություն են ցուցաբերում երիտասարդները։ Դրանցից մեկն Արևիկ ընտանեկան ժամանցի և զարգացման կենտրոնն է։ 
 
Քաղաքը հարուստ է նաև հյուրատնային և հյուրանոցային ցանցով։ 2017թ․-ի համեմատ՝ դրանց թիվն այս տարի ավելացել է։  

Նշենք, որ շնորհանդեսը զուգակցվել է երաժշտական համարերով։ Ելույթներով հանդես են եկել Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անվան արվեստի դպրոցի պարային բաժնի սաները, Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան Դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոցի սաները, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները։  Ինչպես նաև Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել կարճ ներկայացմամբ։

Փորձագետները Գավառ այցի շրջանակներում այցելել են նաև Գավառի երիտասարդական կենտրոն, որտեղ ներկայացվել է  «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական կազմակերպության և Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությունը։ 

Ի դեպ, Գավառը երկրորդ անգամ է մասնակցում «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին։ «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Գավառ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Դաշտոյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած 2017թ․-ի երիտասարդական մայրաքաղաք չհաջողվեց դառնալ, սակայն աշխատանքները կանգ չառան, հակառակը՝ ծավալվեցին նոր թափով։ Այս ընթացքում  տարված աշխատանքները հնարավորություն տվեցին ներկայացնել առավել մրցակցային հայտ։ 

Հարցին, թե ինչու հենց Գավառը պետք է դառնա 2020թ․-ի երիտասարդական մայրաքաղաք, Գրիգոր Դաշտոյանը նշեց, որ Գավառում գնալով ընդլայնվում են երիտասարդական նախաձեռնությունները, իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում աննախադեպ մասշտաբների է հասնում։  Բացի այդ, Գավառում կարևորվում է երիտասարդների դերը քաղաքի հասարակական, քաղաքական, մշակութային գործընթացներում։ 

«Քաղաքն իսկապես իր ռեսուրսներով և ներուժով կարող է լուրջ հայտ ներկայացնել առ այն, որ ունակ է հասնել ավելիին։ Դրանով իսկ մենք կկատարենք կարևոր քայլ՝ կկապենք երիտասարդներին իրենց ծննդավայրի հետ։ Ի վերջո, կարևոր է, որպեսզի նրանք իրենց ներուժն ու կարողությունները ներդնեն հենց քաղաքի զարգացման գործում՝ դրանով իսկ կառուցելով իրենց ապագան»,-նշեց Գրիգոր Դաշտոյանը և հավելեց, որ այդպիսով մեծ քայլ է արվում նաև արտագաղթի կանխման և երիտասարդ ընտանիքների զարգացման ուղղությամբ։ 

Եթե ցանկանում եք, որպեսզի Գավառը դառնա 2020թ․ի երիտասարդական մայրաքաղաք, ապա մինչև նոյեմբերի 25-ն ակտիվ քվերակեք՝ 1041 համարին ուղարկելով EMGA կարճ հաղորդագրությունը։ 1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ է։

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Գավառ (2019 թ.)