Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից
Լուսանկարները՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունից
Տեղադրվել է 2019-12-25 10:38
Վրաստանի երիտասարդության ոլորտի պատվիրակության այցը Հայաստան
Վրաստանի երիտասարդության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել երիտասարդության ոլորտում Հայաստանի փորձը, ծանոթանալ մարտահրավերներին ու այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Պատվիրակության անդամները ներկայացրել են երիտասարդության ոլորտում Վրաստանում իրականացված ռազմավարական և ծրագրային փոփոխությունները, բարեփոխումների հիմնական ուղղությունները: Որպես այցի հիմնական նպատակ՝ նրանք խոսել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության` Վրաստանում և Հայաստանում երիտասարդ աշխատողի մագիստրոսական ծրագրի իրականացման մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը կարևորել է վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորությունը: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ նախարարությունը շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել: Մենք պատրաստակամ ենք երևանյան գրասենյակի հետ շարունակել աշխատանքները և այդ նպատակով կարևորում ենք երիտասարդների մասնակցության ապահովումը: Դա հնարավոր է միայն երիտասարդների հետ աշխատող կազմակերպության միջոցով, բացի այդ, սահմանադրական պահանջից է բխում երիտասարդության մասին օրենք ու հայեցակարգ ունենալը: Այդ նպատակով համապատասխան մասնագետների ներգրավմամբ կձևավորվի աշխատանքային խումբ».- ասել է Գ. Մամիկոնյանը:

Վրացական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում (2018-2020թթ), «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության կողմից: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ 3 երկրում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։