Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-27 21:38
Կայացավ հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանին նվիրված՝ «Մալխաս և ընկերներ» հոբելյանական համերգ-երեկոն
«Մոռացեք ձեր ԵՍ-ի մասին և կհասնեք բարձունքի»,- լսվեց Լևոն Մալխասյանի ձայնն՝ իր ծննդյան 75-րդ տարեդարձին նվիրված համերգային երեկոյի ընթացքում, որը կազմակերպել էին նրա մտերիմ ընկերները:

«Մալխաս և ընկերներ» խորագրով համերգային երեկոն, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, մեկնարկեց հոբելյարի՝ ՀՀ ժողովրդկան արտիստ Լևոն Մալխասյանի, երաժշտական գեղեցիկ կատարմամբ:

Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես եկան հայտնի ջազմենի ընկերները՝ Սերգեյ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Ավագ Մարգարյանը (բլուլ ու զուռնա)։ Բեմում էր նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ:

Համերգային երեկոն համեմաված էր ոչ միայն երաժշտական կատարումներով, այլև ընկերների շնորհավորական տեսաուղերձներով:

«Նա երևանյան բրենդ է, Երևանի այցետոմսն է, երևանյան ծածկագիր է… երբ  արտասանում ես՝ Լևոն Մալխասյան, միանգամից ամեն ինչ դառնում է երևանյան…»,- նշեց Միքայել Պողոսյանը՝ շնորհավորելով վաղեմի բարեկամին:

Լևոն Մալխասյանն այն տարիքում է, որ ունի իր անհատական ոճը: Նրա նվագը լի է քնարականությամբ և, ամենակարևորը ջազմենի համար,  նա զգում է սվինգը՝ կտրուկ անցումը մի նոտայից մյուսին:

«Ինձ համար մեծ պատիվ է խոսել Լևոն Մալխասյանի մասին, որը մեր քաղաքի դեմքն է՝ խորհրդանիշը: Նա ստեղծեց այս գեղեցիկ մթնոլորտը, որի անվանումը ջազ ակումբ է և որտեղ հավաքեց իր երաժշտասերներին և երաժիշտներին: Շնորհավորելով նրա ծննդյան տոնը՝ ցանկանում եմ  երևանյան փողոցներում տեսնենք Լևոն Մալխասյանի դեմքը, նրա ժպիտը, նրա կատակները….»,-իր շնորհավորական ուղերձում նշեց Ռուզաննա Սիրունյանը:

Ջազմենին չշնորհավորել չէր կարող, իհարկե, մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը, ով միշտ հպարտանում է լինել Մալխասի ընկերը և հիշում իրենց անցած երկար ճանապարհը.

«Ես ամենայն սիրով և մեծ ոգևորությամբ, ինչպես հարիր է մեր տարիքն ապրած տղերքին, որոնք անցնելով անցյալի օրերի, տարիների պարգևների միջով, պահպանելով իրենց բարեկամությունը, նորից հայտնվել են նույն գրքի մեջ՝ կիսելով իրենց կյանքը, ազնվությունը, ես շնորհավորում եմ իմ հրաշալի բարեկամին: Լևոն Մալխասյանի անունը հայ երաժշտության լավագույն սիմվոլներից է»: 

Արմեն Հյուսնունցը խոստովանում է, որ Լևոն Մալխասյանն է այն բացառիկ մարդը, որի առկայությունը և որի հետ շփումը եղել է բախտորոշ պատանեկան տարիքում, երբ ինքը պետք է ընտրեր իմ մասնագիտությունը:

«Նրա վառ խարիզմատիկ կերպարը, սիմպո, եթե կարելի է այդպես ասել, միշտ փողկապով կերպարը, բոցավառ նվագը, որի հետ ես նոր էի ծանոթանում, դարձան պատճառ՝ էլ ավելի շատ սիրելու ջազը, ավելի ոգևորվելու թե՛ համաշխարհային, թե՛ երևանյան հերոսներով, որոնցից մեկը Լևոն Մալխասյանն է, որի համար շնորհակալ եմ: Միշտ ուրախ եմ վայելել մաեստրոյի ներկայությունն ու երաժշտությունը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Երևանը ինչ է, եթե ոչ  մարդիկ, մենք՝ բոլորս… իսկ Մալխասի ներկայությունը մի յուրահատուկ երանգ է տալիս Երևանին, երբ նվագելուց հետո վեր է կենում և ժպտում մարդկանց, իսկ Երևանը ժպտում է ի պատասխան Մալխասի՝ ասում են ջազմենի  ընկերները:

Մալխասը նաև Թբիլիսին է, երեկոյի ընթացքում ասաց Մալխասի վրաց գործընկերներից մեկը, ով նաև հանդես եկավ շնորհավորական ելույթով: Նա նշեց, որ ուրախ է այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և լինել ընկերոջ կողքին. 

«Ուզում եմ շնորհավորել հայերեն՝ «Թիֆլիս քաղաքի տղեքից երևանցի տղուն» նվիրելով իմ կատարումը»:

Նշենք, որ ծննդյան 75-ամյակի տոնակատարությունների մեկնարկը ջազմենը տվել էր Գյումրիում կայացած մեծ ու շքեղ համերգով՝ դեռ նոյեմբերի 25-ին: Հենց Գյումրիում էլ ծննդյան 75-ամյակի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը պարգևատրվել էր Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Պատկերասրահ՝ «Մալխաս և ընկերներ» հոբելյանական համերգ-երեկո