Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտե
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-24 21:09
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
ԶԳԱՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ԶԳԱՑՆԵԼ ՏԱԼ Ո՞րն է ճիշտ․ զգացնե՞լ, թե՞ զգացնել տալ, խոսեցնե՞լ, թե՞ խոսեցնել տալ, վազեցնե՞լ, թե՞ վազեցնել տալ...

Հարցը մի քիչ էլ «բարդացնենք»․ իսկ ի՞նչ կասեք զգալ տալ, խոսել տալ, վազել տալ ձևերի մասին։ Գուցե միակ ճիշտը վերջիննե՞րս են։ Փորձենք «ներթափանցել» այս բառերի մեջ․ զգացնել... խոսեցնել... վազեցնել...Արդյո՞ք սրանց մեջ արդեն իսկ չկա «տալ» բառի իմաստը։ Անշուշտ կա, և դա դժվար չէ զգալ։ Այս բառերում առկա ՑՆ մասնիկը կատարում է հենց վերջինիս դերը։ Եթե ասենք քերականության լեզվով, նշված բառերը պատճառական բայեր են։ Սրանք կազմվում են ցն մասնիկով, օրինակ՝ վախենալ-վախեՑՆել, ուրախանալ-ուրախաՑՆել, մեծանալ-մեծաՑՆել։ Քանի որ մի շարք բայերից ՑՆ ածանցով պատճառական բայեր չեն կազմվում, ուստի դրանց պատճառականը կազմվում է «տալ» բայի հարադրությամբ, օրինակ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ:

Շատ դեպքերում էլ բայերի պատճառականը կազմվում է և՛ ՑՆ ածանցի, և՛ «տալ» բառի միջոցով, օրինակ՝ ծիծաղեցնել կամ ծիծաղել տալ, քայլեցնել կամ քայլել տալ։ Ահա այս դեպքերում է, որ պետք է խուսափել պատճառական ՑՆ ածանցն ու «տալ» բառը միասին գործածելուց։

Հիշենք՝ զգալ տալ կամ զգացնել (և ոչ՝ զգացնել տալ), խոսել տալ կամ խոսեցնել (և ոչ՝ խոսեցնել տալ), վազել տալ կամ վազեցնել (և ոչ՝ վազեցնել տալ) և այլն։

 

Գուրգեն Միքայելյան