Նյութը՝ Ռուբեն Շուխյանի
Լուսանկարները՝ Ռուբեն Շուխյանի արխիվից
Տեղադրվել է 2020-06-06 12:30
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Խաչատրյանները սերում էին Հայոց Նախիջևանի պատմական Գողթան գավառից. հայրը` Վերին Ազա գյուղից էր, մայրը` Ներքին Ազայից:

Արամ Խաչատրյանի գերդաստանը` 1913 թվականին... Լուսանկարում` ապագա հայ մեծ կոմպոզիտոր տասնամյա Արամ Խաչատրյանն է, ծնողների` Եղիա և Ղումաշ Խաչատրյանների, ավագ եղբայրների և նրանց կանանց հետ:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903-ի հունիսի 6-ին՝ Թիֆլիսի Կոջորի արվարձանում: Ծնողները սերում էին Նախիջևանի պատմական Գողթան գավառից. հայրը` Վերին Ազա գյուղից էր, մայրը` Ներքին Ազայից: 19-րդ դարի 70-ական թվականների վերջին տասներեքամյա Եղիան գալիս է Թիֆլիս՝ աշխատանք գտնելու ակնկալիքով, այստեղի տպարաններում նա սովորում է կազմարարի աշխատանքին և այդպես էլ հաստատվում է Թիֆլիսում։ Արամ Խաչատրյանի ծնողները նշանվել էին դեռևս միմյանց չճանաչելով, երբ Ղումաշն ընդամենը ինը տարեկան էր, իսկ Եղիան՝ տասնինը, բայց նրանց վիճակված էր երջանիկ ամուսիններ դառնալ և ապրել համատեղ երկար կյանք։ Ամուսնանալով տակավին տասնվեցամյա Ղումաշի հետ՝ Եղիան նրան բերեց իր հետ Թիֆլիս, որտեղ էլ ծնվեցին նրանց հինգ երեխաները. ավագ դուստրը՝ Աշխենը (մահացել է մանկահասակ) և չորս որդիները՝ Վաղինակը, Սուրենը, Լևոնն ու Արամը։

«Մայրս,- հիշում էր Արամ Խաչատրյանը,- շատ գեղեցիկ կին էր՝ բարձրահասակ, վայելչակազմ։ Մինչև կյանքի վերջը նա մեր ընտանեկան օջախի հոգատար պահապանն էր և վայելում էր հորս խորը հարգանքը»։ Վաղ կուրանալով՝ Ղումաշ Խաչատրյանը կյանքի վերջին տասը տարիները ապրեց որդու՝ Վաղինակի ընտանիքում։ Նա մահացավ 1956-ին Երևանում և թաղված է ամուսնու կողքին, որի աճյունասափորը Մոսկվայից տեղափոխվել էր Երևան։