Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-06 12:38
ՀՈՒՆԻՍԻ 5-Ը ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվեց Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր։ Այդ իրադարձությանը հաջորդեց ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ստեղծումը: 2004 թվականից Հայաստանում հունիսի 5-ը նշվում է նաև որպես Բնապահպանի օր:

Բնությունն անվերջ իր վրա կրում է մարդկային գործունեության հետևանքները՝ դրական ու բացասական։ Մենք կարող ենք ծառատունկ կազմակերպել և կարող ենք անխնա վերացնել անտառածածկ տարածքներ։ Մենք կարող ենք բնաջնջել կենդանական աշխարհի այս կամ այն ներկայացուցչին, ապա ընդգրկել նրան Կարմիր գրքում ու անասելի ջանքեր գործադրել անհետացող այդ տեսակի վերականգնման նպատակով։ Մեկը կարող է չփակել ծորակն ու անտեղի վատնել քաղցրահամ ջուրը, մյուսը կարող է տքնել ու ստեղծել ոռոգման կաթիլային համակարգ ու ծաղկաստանի վերածել անապատը։

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը բնապահպանական կազմակերպությունները փորձում են բազմազան միջոցառումներով համաշխարհային հանրության և մեզանից յուրաքանչյուրի ուշադրությունը բևեռել բնապահպանական խնդիրների վրա: Խոստովանենք՝ ինքներս էլ հաճախ մոռանում ենք պատշաճ հոգատարություն ցուցաբերել շրջակա միջավայրի հանդեպ, և հունիսի 5-ին հնչող հիշեցումը միանգամայն տեղին է։

Ամեն տարի Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա միջոցառումները նվիրվում են որևէ թեմայի, անցնում են այս կամ այն նշանաբանի ներքո։ 2020 թվականի թեման կենսաբազմազանության պահպանությունն է՝ չափազանց հրատապ և օրախնդիր մի հարց, որը մշտապես պետք է լինի մարդկության ուշադրության կենտրոնում։ Վերջին ամիսների անտառային հրդեհները Բրազիլիայում, Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում, մորեխի հարձակումները Արևելյան Աֆրիկայում, ջրհեղեղները և, իհարկե, դեռ չնահանջող համավարակը մեզ վերստին հիշեցնում են, թե որքան փոխկապակցված է ամեն ինչ մեր փոքրիկ մոլորակի վրա։ COVID-19-ը ցույց տվեց, որ վտանգելով կենսաբազմազանությունը՝ մենք քայքայում ենք մարդու կյանքի համար անհրաժեշտ համակարգը։ Էկոհամակարգի կենսաբազմազանությունը դժվարացնում է վարակի տարածումը, մինչդեռ կենսաբազմազանության կորուստը հնարավորություն է ստեղծում, որ վարակը կենդանիներից փոխանցվի մարդուն, դառնա համաճարակ, խլի միլիոնավոր կյանքեր։ Կորոնավիրուսի պատճառով կարանտին հայտարարելուց ընդամենը տասն օր անց Վենետիկի ջրանցքներում ջուրն այնքան մաքրվեց, որ ձկներից բացի այնտեղ նաև դելֆիններ հայտնվեցին։ Եվրոպական շատ երկրներում՝ գրեթե ամայի քաղաքների փողոցներում, սկսեցին շրջել մերձակա անտառների բնակիչները։ Այս օրերին չինացիներն իրենց գլխավերևում վերջապես տեսան կապույտ երկինքը…

Մեր բազմազբաղ առօրյայում, ֆինանսական խելահեղ մրցավազքում մենք հաճախ մոռանում ենք ոչ միայն մեր հանգստի մասին, այլև չենք հիշում, որ Երկիր մոլորակն ինքն էլ հանգստանալու կարիք ունի։ Վերջին 50 տարիների ընթացքում մոլորակի ազգաբնակչության թիվը կրկնապատկվել է։ Համաշխարհային տնտեսությունն աճել է գրեթե 4 անգամ, իսկ համաշխարհային առևտրի ծավալը գրեթե տասնապատկվել է։ Մարդկային գործունեության հետևանքով մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի ձևերի, բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների միլիոնավոր տեսակների բազմազանությունը՝ մոլորակի կենսաբազմազանությունը, աննախադեպ կրճատվել է։ Սնունդը, որ մենք ուտում ենք, օդը֊, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, եղանակը, որ մեր մոլորակը դարձնում է մարդկային կյանքի համար պիտանի, բնության պարգևն են։ Ծովաբույսերն արտադրում են մթնոլորտում առկա թթվածնի կեսից ավելին։ Մի հաստաբուն ծառ կլանում է շուրջ 22 կգ ածխաթթու գազ՝ արտազատելով թթվածին։ Մեր մոլորակի կենսաբազմազանությունն ապահովող ցանկացած տեսակ կարևոր է։ Սա է 2020 թվականի հունիսի 5-ի հիմնական ուղերձը։