Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-06 12:44
ՀՈՒՆԻՍԻ 7-Ը ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թ. բանաձևի (A/RES/73/250)՝ հունիսի 7-ը հռչակվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր։ Սննդամթերքի անվտանգությունը ենթադրում է մարդու առողջությանը վնաս պատճառող սննդի իսպառ բացառումը կամ դրա հանդուրժումը մարդու կյանքի համար սպառնալիք չներկայացնող չափերով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սննդային վարակների, ինչպես նաև սննդային ծագման հիվանդությունների հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ նման հիվանդություններով հիվանդացածների թիվը տարեկան հասնում է շուրջ 600 միլիոնի: Սա առաջին հերթին վերաբերում է զարգացող երկրներին, ինչպես նաև զարգացած տնտեսությամբ երկրներում՝ խոցելի խմբերին: Այո՛, ամեն տարի աշխարհում միլիոնավոր մարդիկ հիվանդանում կամ մահանում են մանրէներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելու հետևանքով։ ԱՀԿ գլխավոր տնօրենը համոզված է, որ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը բացառիկ հնարավորություն է ընձեռում վտանգավոր սննդամթերքի պարունակած վտանգների վերաբերյալ մարդկանց իրազեկությունը բարձրացնելու առումով։ «Դաշտից մինչև պատառաքաղ՝ մենք բոլորս ունենք մեր դերը սնունդն անվտանգ դարձնելու գործընթացում»,-նշել է նա։

Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը ընդամենը երկու տարվա պատմություն ունի։ Առաջին անգամ այն նշվեց 2019-ին։ Ադիս Աբեբայի և Ժնևի համաժողովները կայացան «Սննդամթերքի անվտանգության ապագան» նշանաբանի ներքո։ Այս տարի արդեն ձեռնարկվող միջոցառումները կընթանան «Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի գործն է» կարգախոսի ներքո և կնպաստեն սննդի անվտանգության հիմնախնդիրների մասին հանրության իրազեկման աստիճանի բարձրացմանը։ Այդ գործողությունները կդառնան սթափության յուրօրինակ կոչ-ահազանգ՝ ուղղված քաղաքական գործիչներին, մասնավոր սեկտորին, քաղաքացիական հանրությանը, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին, ընդհանրապես մարդկությանը։

Արդեն երկրորդ անգամ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա շրջանակներում բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ ԱՀԿ-ն շարունակում է իր աշխատանքը սննդի անվտանգության հիմնախնդիրները հանրային օրակարգում ընդգրկելու, ամբողջ աշխարհում սննդային ծագում ունեցող հիվանդությունների քանակը նվազեցնելու նպատակով։ ԱՀԿ-ն կոչ է անում քայլեր իրականացնել մի քանի ուղղությամբ. ապահովել սննդի անվտանգության երաշխիքներ, անվտանգ արտադրություն, անվտանգ պահպանություն, անվտանգության վերահսկողություն և այդ գործում՝ համատեղ ջանքերի ներդրում։ «Սննդային անվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է»,- հիշեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։