Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-01 20:52
COVID-19-Ը ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ, ԲԱՅՑ ՇԱՏ ԲԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐՔԱԳԾՈՎ
Արդեն շուրջ կես տարի աշխարհը պայքարում է մինչ այս անհայտ վարակի՝ COVID-19-ի դեմ։

Եվ հակառակ ձեռնարկված միջոցներին՝ համավարակը ոչ միայն չի նահանջում, այլև նոր թափ է հավաքում և շարունակում է հարյուր հազարավոր մարդկային կյանքեր խլել։  Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Գեբրեսիուսը և նրա գործընկերներ Մայք Ռայանն ու Մարիա Վան Վերկհովեն։

«Վեց ամիս առաջ մեզնից ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ այս անհայտ վիրուսը գլխիվայր կշրջի աշխարհն ու մեր կյանքը»,- ասել է դոկտոր Թեդրոսը՝ հիշեցնելով, որ ճիշտ կես տարի առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացավ առաջին ահազանգը Չինաստանում նոր տեսակի տարօրինակ թոքաբորբի մասին։ Անցած ամիսների ընթացքում COVID-19 անունը ստացած վիրուսով վարակվել է ավելի քան 10 միլիոն մարդ, ավելի քան 500 հազար հիվանդ մահացել է։

ԱՀԿ-ի տնօրենի խոսքով՝ համավարակը բացահայտում է  մարդկանց ամենալավ և ամենավատ հատկանիշները։ «Մի կողմից ամբողջ աշխարհում մենք ականատես ենք լինում տոկունության, համերաշխության, բարության ու ստեղծագործ մոտեցումների դրսևորումների, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են ապատեղեկատվություն տարածում, քաղաքականացնում համավարակը, խտրական վերաբերմունք ձևավորում հիվանդների հանդեպ»,- ասել է դոկտոր Թեդրոս Գեբրեսիուսը։ Նա փաստել է ԱՀԿ-ի կատարած ահռելի աշխատանքը՝ բուժանձնակազմի դասընթացներ, տնտեսապես թույլ զարգացած երկրներին միլիոնավոր պաշտպանիչ և ախտորոշիչ միջոցների առաքում, COVID-19-ի դեմ պայքարելու դեղամիջոցների ու պատվաստանյութերի մշակման ու փորձարկման աշխատանքների համակարգում, համավարակի դեմ պայքարելու միջոցների հավաքագրում և այլն։ Նաև Եվրոպական հանձնաժողովի և այլ գործընկերների հետ ԱՀԿ-ն կյանքի է կոչել մի նախագիծ, որի նպատակը պատվաստանյութը հայտնաբերելուն պես դրանով բոլորին, առաջին հերթին՝ խոցելի խմբերին, ապահովելն է։ Իսկ մինչ պատվաստանյութի հայտնաբերումը, ինչպես նշել է ԱՀԿ-ի նախագահը, քանի դեռ համավարակը չի նահանջել, հենց հիմա, հենց ա՛յս պահին անհրաժեշտ է փրկել մարդկանց։ Եվ դրա համար պետք է կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 5 հանձնարարականները։

 

Աշխատել մարդկանց հետ

«Մեզնից յուրաքանչյուրը պիտի գիտակցի, որ ինքն անօգնական չէ։ Մենք բոլորս կարող ենք միջոցներ ձեռնարկել, որոնք կպաշտպանեն և՛ մեզ, և՛ մեզ շրջապատող մարդկանց։ Մեր առողջությունը մեր իսկ ձեռքերում է։ Պետք է հետևել տարրական կանոնների՝ պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը, հարկ եղած դեպքում՝ դիմակ կրել, հազալիս, փռշտալիս փակել բերանը, վատ ինքնազգացողության դեպքում դուրս չգալ տնից և փոխանցել միմիայն վստահելի աղբյուրներից քաղած հավաստի տեղեկություններ»,- ասել է ԱՀԿ-ի նախագահը։

 

Կանխել վարակի փոխանցումը

Դոկտոր Թեդրոս Գեբրեսիուսի համոզմամբ՝ վարակի շղթան կարող է կտրվել ցանկացած երկրի շնորհիվ։ Անհրաժեշտ է, որ բոլոր բուժաշխատողները ձեռք բերեն COVID-19-ով վարակվածների հետ աշխատելու հմտություններ, իսկ իրենք ապահովված լինեն անհատական պաշտպանիչ միջոցներով։ Անհրաժեշտ է նաև կատարելագործել վարակվածներին, նրանց հետ շփվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու մեխանիզմները։ Ընդ որում, այդ գործով, ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների փորձը,  կարող են զբաղվել նաև բժշկական կրթություն չունեցող մարդիկ։

 

Փրկել կյանքեր

«Հիվանդության վաղ բացահայտում և բժշկական խնամք. ահա թե ինչպես կարելի է փրկել կյանքեր։ Ծանր հիվանդներին թթվածնով և դեքսամետազոնով ապահովում. ահա թե ինչպես կարելի է փրկել կյանքեր։ Առանձնահատուկ ուշադրություն խոցելի խմբերի հանդեպ, ներառյալ ծերանոցներում ապրող տարեցներին. ահա թե ինչպես կարելի է փրկել կյանքեր»,- ասել է ԱՀԿ-ի նախագահը՝ բերելով Ճապոնիայի օրինակը. այս երկրում թեպետ մեծ թիվ են կազմում տարեցները, սակայն համավարակից, բարեբախտաբար, շատ քչերն են մահացել։

 

Արագացնել համավարակի դեմ պայքարի դեղամիջոցների և պատվաստանյութերի ուսումնասիրությունն ու մշակումը

Դոկտոր Թեդրոսն ընդգծել է, որ համավարակի մասին շատ բան արդեն հայտնի է, բայց բացահայտելու էլ շատ բան կա։ Այժմ փորձ է արվում գնահատելու հիվանդների բուժման ոլորտում արձանագրված ձեռքբերումները, նախանշելու համավարակի հաջորդ փուլի առաջնահերթությունները։

 

Խստացնել քաղաքական ղեկավարումը

«Մենք անընդհատ կրկնում ենք, որ COVID-19-ի դեմ պայքարում՝ մարդկային կյանքերի փրկության և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները նվազագույնի հասցնելու հարցում չափազանց կարևոր են ազգային միասնությունն ու համախմբումը»,- վերստին նշել է ԱՀԿ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ ամեն երկիր ինքը պիտի որոշի, թե ինչպես ապրի այս վարակի հետ. «Սա կարծես թե դառնում է կենսակերպ, և պետք է ամեն ինչ անել վարակի հետագա տարածումը կանխելու համար։ Հիվանդությունը դեռ չի նահանջել, և մի շարք երկրներում, որտեղ սահմանափակումները մասամբ վերացվել էին, արձանագրվում են նոր բռնկումներ»,- եզրափակել է դոկտոր Թեդրոսը։