Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-03 15:14
ՇԱԽՄԱՏԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ԱՅՆ ԿԱՄ ԵՐԲ ՇԱԽՄԱՏԻՍՏՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԴԵՐԵՐՈՎ
Մարզական լրագրողները հուլիսի 2-ին տոնում են իրենց մասնագիտական տոնը:

Այս առիթով «Արմենպրեսե-ի մարզական թղթակից Վարվառա Հայրապետյանը և Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանը փոխվել են տեղերով և գրոսմայստերն է հղել իրեն հուզող հարցերը:

-Ինչպես եք սկսել մարզական լրագրողի ձեր գործունեությունը:  

-Հիմա, ժամանակի միջով հետ նայելիս, 2008 թվականը հեռու է թվում, բայց ամեն ինչ սկսվեց դպրոցն ավարտելու նախորդող ամիսներին, երբ փորձում էի հասկանալ` ինչպիսին եմ ուզում տեսնել իմ ապագան: Սպորտի նկատմամբ սերը չափից ավելի մեծ էր, իսկ լրագրությունը ընտանեկան մասնագիտություն էր: Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ այդ ժամանակ նոր-նոր էր բացվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնը: Առանց երկար-բարակ մտածելու` որոշված էր` գտել էի իմ ոսկե միջինը: Ու հենց 2008թ. էլ սկսվեց սկզբում դժվար, բայց ժամանակի հետ այսքան սիրելի մասնագիտական գործունեությունս:

-Ունեք Ձեր կարիերայում արդյոք հիշարժան օր:

-Հիշողությունները շատ են: Եվ դրանք տարաբնույթ են, որոշները հիացնող, որոշներն էլ` հիասթափեցնող: Բայց ուղեղիս մեծ դրոշմված է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունն իր ամբողջ գեղեցկությամբ: Մենք մասնակից էինք քառամյակի ամենակարևոր իրադարձությանը, որը հետագայում փոխելու էր շատ մարզիկների ճակատագրերը:

-Կա սիրված սպորտաձև, որի մասին ավելի հեշտ եք գրում և ավելի հետաքրքիր է ձեզ:

-Ինքս ինձ միշտ հորդորում եմ հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր մարզաձևերին, սակայն մեզ նման փոքր երկրի համար, մի քիչ դժվար է: Մեր առաջատար մարզաձևերը` ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատն առավել մեծ ուշադրության են արժանանում:

-Որպես շախմատիստ, կցանկանայի հարցնել ինչ դեր ունի շախմատը Ձեր կյանքում:

-Հանուն արդարության` շախմատն ավելի է քան մարզաձևը: Շախմատը լուսաբանելու համար պետք է սիրել այն, սիրելու համար հասկանալ է պետք գրոսմայստերի մտքի աշխատանքը, իսկ այն անդադար բացահայտում պահանջող աշխատանք է, որն էլ մեզ պահում է իր «ալիքի» վրա: