Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-03 17:22
ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ԱԿՆՈՑՆԵՐ
Արևապաշտպան ակնոցը կարևոր աքսեսուար է, որի օգնությամբ կարելի է ոչ միայն աչքերը պաշտպանել վնասակար ճառագայթումից ու շտկել դեմքի ձևը, այլև կերպարն ամբողջովին վերափոխել՝ դարձնելով ավելի վառ ու ոճային։

Դարձյալ նորաձև են օվերսայզ ակնոցները։ Այս սեզոնի առավել հարգի մոդելը 90-ականների ոճի զանգվածեղ շրջանակով երկարավուն, ուղղանկյունաձև ակնոցն է։ Այս ակնոցը կարելի է կրել ինչպես խստաոճ հագուստների, այնպես էլ քնքուշ զգեստների հետ։

Սեզոնի մյուս հիթը 70-ականների ոճի խոշոր, քառակուսի ակնոցն է։ Այս ակնոցը կարող է ունենալ թե՛ խստաոճ եղջերվաշրջանակ, թե՛տարատեսակ տարրերով զարդարված առավել նուրբ  շրջանակ։ Թրենդային են նաև զանգվածեղ գունավոր կամ սպիտակ շրջանակներով ձվաձև ու կլոր մոդելները։ Դիզայներներից ոմանք առաջարկում են թափանցիկ շրջանակով ակնոցներ։ Արդիական են նաև անշրջանակ ակնոցները։

Դարձյալ նորաձև են ա լյա Ջոն Լենոն կլոր թիշեյդները։ Այս սեզոնում դրանց չափերը զգալի մեծացել են։ Ձվաձև շրջանակով ակնոցի սիրահարները պետք է իմանան, որ այդ մոդելը առավել սազում է քառակուսի կամ ուղղանկյունաձև դեմք ունեցողներին։

«Կատվի աչք» կոչվող կանացի ակնոցները իդեալական են ոճային և շքեղ կերպարի ստեղծելու համար։ Այս մոդելները գերազանց լրացնում են ինչպես գործնական, այնպես էլ ամենօրյա կերպարը։

Անչափ նրբագեղ տեսք ունեն մետաղից շրջանակները։

Դասական մոդելներից բացի կան նաև ինքնատիպ շրջանակներով նորույթներ։ Valentino, Christina Siriano և այլ ապրանքանիշների հավաքածուներում ներկայացված են նեղ, սրավուն, հաճախ դեմքի սահմանները գերազանցող, ինքնատիպ ակնոցներ։

Dolce&Gabbana, Marc Jacobs և Moschino ապրանքանիշների ակնոցները անսովոր երկրաչափական ձևեր և ծաղիկների ու թիթեռնիկների տեսքով շրջանակներ ունեն։ Ինքնատիպ են շրջանակի սահմանները գերազանցող ոսպնյակներով մոդելները։

Մեկ այլ արդիական տարբերակ՝ 1980-ականների ոճի լայն աղեղնակներով ու մետաղյա տարրերով պլաստմասսայից ծանր շրջանակով ակնոցներ։ Նորաձև են նաև կենդանանախշ շրջանակով ակնոցները։ Դարձյալ հարգի են հաստ շրջանակով կուլտային ավիատոր ակնոցները։

Առանձնապես ոճային տեսք ունեն գունավոր ոսպնյակներով մոդելները։ Գունավոր ոսպնյակներով փորձարարություններ են անում շատ դիզայներներ։ Ոսպնյակի գույնը կարող է համապատասխանել շրջանակի երանգին, կարող է և հակադրվել դրան։ Թրենդային են վարդագույն, դեղին, կանաչ և աստիճանական անցումներով ոսպնյակները (Givenchy, Versace, Fendi)։ Ի դեպ, կապույտ ոսպնյակներով արևապաշտպան առաջին ակնոցները ի հայտ են եկել մոտավորապես 18-րդ դարի կեսին։ Ճիշտ է, այն ժամանակ դրանք առանձնակի համբավ չունեին։ Գունավոր ոսպնյակներով ակնոցները զգալիորեն ավելի ուշ տարածում գտան։