Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-04 20:28
ԳԻՏԵ՞Ք ՈՐ. . . ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Նամականիշի հայկական հնագույն օրինակով չենք կարող հպարտանալ, քանի որ հայկական հնագույն նամակների օրինակները մեզ չեն հասել։ Հնում նամակը կոչվում էր «թուղթ»։

Դրանք ուղարկվում էին հետիոտն կամ ձիավոր սուրհանդակների միջոցով։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ հիշատակվում են մի շարք նամակաբերներ, որոնք հաստատում են Հայաստանի` մի շարք երկրների հետ ունեցած կապի մասին։ Մատենադարանում պահպանվել են բազմաթիվ նամակներ, որոնցից ամենահները թվագրված են 12-րդ դարով։

Ռուսական զորքերի կողմից 1827թ. հոկտեմբերի 6-ին Երևանի ամրոցի գրավումից մի քանի օր անց (1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմ) հիմնվեց ժամանակավոր վարչությունը, որի առաջնային խնդիրներից մեկը եղավ Հայկական մարզի տարածքում փոստային ծառայության ստեղծումը։

1828թ. մարտին Երևանի և Թիֆլիսի միջև կառուցվեց 2 մեծ փոստուղի։ Ամռանը գործում էր ավելի կարճ՝ Ապարանի միջով անցնող ճանապարհը, իսկ ձմռանն օգտագործվում էր ավելի երկար՝ Երևան-Էջմիածին-Արմավիր-Թալին-Մաստարա-Գյումրի ճանապարհը։ Երրորդ մեծ փոստուղին անցնում էր Արտաշատ-Սադարակ-Նորաշեն-Նախիջևան քաղաքներով մինչև Օրդուբադ։ 1828-1829թթ. այդ փոստուղիներում գործում էր 8 փոստային կայան։

1858 թվականի մարտից Արևելյան Հայաստանում փոստային առաքումների վճարման համար շրջանառության մեջ են մտել Ռուսական կայսրության փոստային նամականիշերը։ Սկզբնական շրջանում դրանք մարվում էին կետային թվային փոստային կնիքներով։ Երևանում օգտագործվում էր ուղղանկյուն կնիք՝ կետերով գրված 501 թիվը։ Կետային կնիքները շրջանառությունից հանվել են 1877 թվականին և փոխարինվել կլոր օրացուցային կնիքներով, որտեղ նշվում էր նաև քաղաքը և ուղարկելու ամսաթիվը։

Հայաստանի առաջին Հանրապետությունում սկզբնական շրջանում

փոստային կարիքների համար օգտագործվում էին Ռուսական կայսրության փոստային նամականիշեր, որոնց վրա ձեռքով արված համապատասխան հավելատիպեր կային։ Ռուսական փոստային նամականիշերի առաջին վերագնահատումը կատարվել է 1919թ. հոկտեմբերին՝ Ռուսաստանի փոստային և խնայողական նամականիշերի վրա կաուչուկե կնիքով, սև ներկով արվել են նոր արժեքի հավելատիպեր։ Նման առաջին նամականիշերը շրջանառության մեջ են մտել 1919թ. նոյեմբեր-1920թ. հունվար ամիսներին։ 1920թ. հունվարին ռուսական նամականիշերի վրա սև ներկով տպվել են նոր անվանագներ (Զանգեզուրի անցումային նամականիշ)։

1919թ. Արշակ Ֆետվաջյանին (1866-1947) պատվիրել են ստեղծել Հայաստանի Հանրապետության թղթադրամներ և փոստային վճարման նշան փոստային նամականիշեր։ 1920 թվականի նոյեմբերին Փարիզի Շասպո տպարանում Ֆետվաջյանի էսքիզներով տպվում է 10 ստանդարտ նամականիշ։ Նամականիշերը տպվել են ստվար սպիտակ կամ դեղնավուն սոսնձով. 1, 3, 5 և 15 ռուբլի անվանագնով նամականիշերի մանրանկարի վրա պատկերված է թրով օձին կիսող արծիվը, 25, 50, 100 ռուբլի անվանագնով նամականիշերի վրա՝ Արարատ սարը, 40 և 70 ռուբլի անվանագնով նամականիշերի վրա՝ իլիկով կին։ Բայց այս փոստային նամականիշերը շրջանառության մեջ չեն մտել, քանի որ դրանց թողարկման պահին Հայաստանի առաջին Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Հայտնի են այդ նամականիշերի բազմաթիվ արտասահմանյան կեղծիքներ։

Ասում են, որ Հայաստանի առաջին Հանրապետության նամականիշերի մի մասը վաճառվել է ֆիլատելիստներին 1924 թվականին Փարիզում։ Վարկած կա, որ վաճառքը կազմակերպել է Դաշնակցական վտարանդի կառավարությունը, քանի որ ֆինանսական դժվարություն է ունեցել։ 1,3,5,10 և 15 ռուբլի անվանագնով նամականիշերը Հայաստանի Հանրապետության զինանշանի սև հավելատիպով կնքվել և օգտագործվել են որպես զինանշանով նամականիշ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ֆիլատելիստների լեզվով ասած՝ հայկական նամականիշերի պատմության մեջ սկսվեց սովետական շրջանը։

1921թ. դեկտեմբերին տպվել են Խորհրդային Հայաստանի առաջին 16 փոստային նամականիշերը՝ Սարգիս Խաչատրյանի ինքնօրինակ գծանկարներով (այսպես կոչված՝ առաջին կոստանդնուպոլսյան թողարկում)։ Նամականիշերը տպվել են վիմատպության եղանակով սովորական թղթի վրա, ատամնավոր և առանց ատամների երիզներով։

Թողարկված նամականիշերի ողջ շարքից 1922 թվականին շրջանառության մեջ մտել է միայն 25 ռուբլի անվանագնով նամականիշը։ Այն օգտագործվել է պայմանական գնահատումով, որպես 1500 ռուբլի արժեքով նամականիշ, որպես պարզ փակ նամակների վճար և եղել է շրջանառության մեջ մինչև 1922 թվականի ապրիլ ամիսը։ 1922-ի ապրիլին առաջին կոստանդնուպոլսյան թողարկման բոլոր փոստային նամականիշերը կնքվել են սև կամ կարմիր նոր անվանագրերի թվային հավելատիպերով և հանվել են շրջանառությունից։ Հանդիպում են նաև նամականիշեր, որոնց վրա նոր անվանագինը նշված է ձեռագրով՝ կարմիր կամ մանուշակագույն թանաքով։ Այդ նամականիշերից ֆիլատելիստական հետաքրքրություն ներկայացնում են միայն փոստով առաքվածները, որոնց վրա պարզ երևում է մարման կնիքը։

1922թ. ապրիլին շրջանառության մեջ են մտել երկրորդ կոստանդնուպոլսյան թողարկման նամականիշերը։ Շարքի բոլոր նամականիշերը տպվել են բոսորագույն և կապտասև ներկերով։ Թողարկվել են որպես փոստային-բարեգործական նամականիշեր՝ նոր անվանագրերի սև թվային հավելատիպերով։ Նամականիշերը նախատեսված են եղել սովյալների համար. սակագնի 50%-ի չափով գանձվող հավելավճարը տրամադրվել է այդ նպատակներին։

Հայտնի են առաջին և երկրորդ կոստանդնուպոլսյան թողարկումների նամականիշերի արտասահմանյան կեղծիքները։ Դրանք տարբերվում են բնօրինակներից տպագրության որակով և գծանկարի մանրամասներով։ Երկրորդ թողարկման բոլոր նամականիշերը հանդիպում են կեղծ ատամներով։ Խորհրդային իշխանության տարիներին տպագրվել են հիմնականում նամականիշեր՝ գիտության ու մշակույթի հայ անվանի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների նկարներով, Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների, կենդանական և բուսական աշխարհի բացառիկ ներկայացուցիչների պատկերներով։