Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-08 09:33
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԸ ԵՎ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԸ
1991 թվականին կազմավորվել է նորանկախ Հայաստանի ազգային փոստային ծառայությունը։

1992թ. սեպտեմբերի 14-ին Հայաստանը դարձել է Միջազգային փոստային միության անդամ։ Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն այսօր հանրապետությունում գործունեություն է ծավալում 900 փոստային բաժանմունքների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում։

Թողարկվել և թողարկվում են բազմազան նամականիշեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամբողջ աշխարհի ֆիլատելիստների համար։ Ուշագրավ է հատկապես հայոց այբուբենի տառերով շարքը։

1992թ. թողարկվեց անկախ Հայաստանի առաջին նամականիշը: Նախապես՝

1991-ին, հայտարարվեց մրցույթ, որին մասնակցեցին մոտ 100 հոգի՝ ներկայացնելով 400-ից ավելի աշխատանքներ: Նամականիշի թեման նախօրոք էր որոշված՝ Արարատ լեռ և Եռագույն: Մրցույթում հաղթող ճանաչվեց գրաֆիկայի դիզայներ Հարություն Սամուելյանը: Նա հետագա տարիներին ևս հեղինակել է ավելի քան 100 նամականիշ:

Առաջին նամականիշի թողարկումից հետո կապի և տրանսպորտի նախարարի հրամանով հիմնվեց «Նամականիշ» ՓԲԸ-ն, որը 1992-ից զբաղվում էր նամականիշերի պատրաստմամբ և թողարկմամբ: Հարություն Սամուելյանը

Դարձավ «Նամականիշ» կազմակերպության գլխավոր նկարիչը:

Հայաստանի երրորդ Հանրապետության նամականիշերը գեղարվեստական և տեղեկատվական առումով բազմազան են և հարուստ:

1992-2006թթ. Ընթացքում «Նամականիշ» ՓԲԸ թողարկել էր մոտ 300 նամականիշ, որոնք, սակայն, հիմա «Հայփոստի» որոշմամբ չեն կարող օգտագործվել որպես փոստային վճարամիջոց: Դրանք կարող են տարածվել միայն ֆիլատելիստական նպատակներով:

Հետագայում նամականիշեր սկսեց թողարկել «Հայփոստը»։ 2007-ին թողարկվել է շուրջ 30 նամականիշ։ Հիմնական թեմաները շարունակում են մնալ բնաշխարհը, մշակույթը, գիտությունը, ճարտարապետական հուշարձանները, սպորտը, խոհանոցը և անվանի մարդիկ։ Անցած տարիների ընթացքում տպագրվել են նաև մի շարք երկրների հետ համատեղ նամականիշեր։ Հայկական նամականիշները տպագրվում են Հոլանդիայում:

Նամականիշեր հավաքելը՝ ֆիլատելիան, շատ շատերի հոբբին է։

Ֆիլատելիան դրամի փոխարեն փոստային վճարումների համար

նախատեսված դրոշմաթղթերի (նամականիշ, ծրար, բացիկ), օրացույցների, հատուկ փոստային մարումների և փոստային այլ նյութերի, ինչպես նաև պարտադիր տուրքերի ոչ փոստային ու վարկային վճարաթղթերի

հավաքումն է, մշակումը և հետազոտումը: Նամականիշերն ու ծրարները պահվում են  հատուկ ալբոմ-զետեղարաններում:

«Ֆիլատելիա» եզրույթն առաջինն օգտագործել է ֆրանսիացի հավաքորդ Ժորժ Էրպենը 1864 թվականին «Փոստային նամականիշերի հավաքորդ» ամսագրում «փոստային նամականիշամոլություն» հասկացության փոխարեն՝ արտահայտելու համար նաև հավաքորդների՝ դրանք ուսումնասիրելու մղումը:

Կարծիք կա, որ ֆիլատելիայով զբաղվել են դեռևս Եգիպտոսում, մեր թվականությունից 2575 տարի առաջ. փարավոններից մեկի դամբարանում հայտնաբերվել է եգիպտական փոստային կրծքանշանների հավաքածու՝ 186 միավորով, որոնց վրա նշված են նամակների առաքման վայրերը:

Փոստային նամականիշի հայտնագործությունը փոստի պատմության մեջ շոգեմեքենայի գյուտին համարժեք երևույթ էր: Առաջին ֆիլատելիստը փարիզեցի փորագրիչ Մանսենն է, որն իր հավաքածուն 1855թ. վաճառել է բուկինիստ Էդուարդ Լապլանտին: Իսկ 1880-ական թվականներից երևան են եկել հավաքորդ-մասնագետներ, որոնք հավաքել են նաև թեմատիկ (ըստ առանձին ոլորտների) հավաքածուներ:

1926թ. հիմնվել է Ֆիլատելիստների միջազգային միությունը (ՖՄՄ), որը 1929 թվականից կազմակերպում է ամենամյա միջազգային ցուցահանդեսներ:

Նամականիշերի հավաքումն ինչ-որ առումով ֆինանսական հաջող ներդրում է: Նամականիշերի առևտրով զբաղվում են հազարավոր մարդիկ, խոշոր կենտրոններում գործում են սակարաններ, կազմակերպվում են աճուրդներ: Հազվագյուտ նամականիշերի համար վճարում են մեծ գումարներ:

Ֆիլատելիան ընդլայնում է մարդու աշխարհայացքը, զարգացնում հետաքրքրասիրությունը, սովորեցնում մտածել, պահանջում է կամք ու

ազնվություն, ճշտապահություն ու ջանասիրություն:

2010թ. նամականիշների ամենախոշոր հավաքածուն բարոն Ֆիլիպ Ֆեռարիինն էր՝ 1մլն գերմանական մարկ արժողությամբ:

Հայաստանում կան ֆիլատելիստներ, որոնք ունեն թանկարժեք և բացառիկ հավաքածուներ: Նկարիչ Արտաշես Թարումյանն իր Առաջին Հանրապետության հավաքածուն հավաքել է 1967 թվականից:

2004թ. նա հրապարակեց առաջին հայկական նամականիշերի կատալոգը (ARTAR): Կատալոգի մեջ տպված են բոլոր հայկական նամականիշերը՝ սկսած 1918 թվականից, դրանց քանակը աշխարհում և շուկայական արժեքը: Հայկական նամականիշերի մասին տեղեկատվություն հավաքելու համար հեղինակը հանդիպել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող 258 ֆիլատելիստների, որոնց հավաքածուներում եղել են հայկական նամականիշեր:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակ»-ին։

Հայաստանում գործում է Ֆիլատելիստների միություն, որին անդամակցում է շուրջ 300 մարդ։