Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-18 12:57
ԱՆՎՃԱՐ ՈՒՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Լիբանանահայ «Ազդակ» օրաթերթը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Ազգային Առաջնորդարանի որոշումը՝ Ազգային վարժարաններում այս տարի անվճար ուսուցման մասին:

«Այս տարի, իւրայատուկ պայմաններու մէջ կը դիմաւորենք կրթական տարեմուտը եւ հետեւաբար, քաջածանօթ ըլլալով մեր ծնողներուն դիմագրաւած տեսակաւոր հարցերուն ու դժուարութիւններուն, Ազգային Վարչութիւնը վճռեց 2020-2021 կրթական տարեշրջանին, Լիբանանահայ ազգային վարժարաններէն ներս անվճար ուսման կարելիութիւն ստեղծել բոլոր աշակերտներուն համար»:

Վարչությունը նաև կոչ է արել հայ ծնողներին՝ իրենց զավակների քայլերն ուղղել դեպի Ազգային վարժարան, որպեսզի նրանք Հայ դպրոցի հարազատ միջավայրում կրթվեն ազգային շնչով ու արժեքներով:

«Ներկայ հանգրուանին հայ ծնողքն ալ պարտաւոր են վերագնահատելու Հայ դպրոցին հանդէպ իրենց ունեցած ըմբռնումն ու վերաբերմունքը եւ զգալու, թէ միայն հաւաքական մասնակցութեամբ կարելի է պահել եւ պահպանել մեր ազգային տոկունութեան խարիսխը եղող Հայ դպրոցը»: