Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-26 09:20
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՀԱՅԿԱԿԱՆ ԹՈՒՂԹ
Հայկական ծագում ունեցող շատ ու շատ գյուտեր, գիտական հայտնագործություններ նվաճել են ամբողջ աշխարհը։

Սակայն քչերը գիտեն դրանց հայկականության մասին։ Այսօր ձեզ ենք ներկայացնում «Հայկական թղթի» (Papier d’Armenie) պատմությունը։ Եթե մտնեք ցանկացած ֆրանսիական դեղատուն և հարցնեք «Հայկական թուղթ» կամ, ինչպես ֆրանսիացիներն են կոչում, Papier d’Armenie, ապա ձեզ կտան կտրտած հոտավետ թղթեր։ Դրանք այրվում են առանց բոցի և տարածում թեթև ու հաճելի բույր, որը նաև ախտահանող հատկություն ունի։ Ֆրանսիացները հայկական թուղթը օգտագործում են ավելի քան 100 տարի, մինչդեռ այն Հայաստանում գրեթե հայտնի չէ։

«Հայկական թղթի» մասին եվրոպացիներն իմացել են 19-րդ դարի վերջին ֆրանսիացի մի երիտասարդի՝ Օգյուստ Պոնսոյի շնորհիվ։ Ճանապարհորդելով Օսմանյան կայսրությունում, որտեղ նա գտնվում էր սովորելու նպատակով, Օգյուստն առիթ է ունենում հյուրընկալվելու նաև հայերի տներում։ Նա նկատում է, որ գրեթե բոլոր հայկական օջախներում տարածված է նուրբ ու հաճելի մի բույր, որը երբեք ոչ մի այլ վայրում չի զգացվում։ Հետաքրքրասեր Օգյուստը որոշում է պարզել, թե ինչն է այդպես հաճելիորեն բուրում։ Պարզվում է, որ հայերը այրում են բուրավետ բալասան՝ մշտադալար բույսերի (ստիրաքսի) եթերային յուղերով ներծծված թուղթ։

Ստիրաքսը նույնանուն մշտադալար ծառերի կամ թփերի ընտանիքին պատակնող բույս է, որն ունի 130 տեսակ։ Դրանք տարածված են արևադարձային և մերձարևադարձային գոտում։ Այդ ծառերի եթերայուղերը ոչ միայն թարմացնում, այլև ախտահանում են տան օդը, վանում մոծակներին և ճանճերին։

Վերադառնալով Ֆրանսիա՝ Օգյուստ Պոնսոն որոշում է հայ տանտիկինների հայտնագործությունը վերածել շահութաբեր գործի։ Դեղագետ Անրի Ռիվյերի հետ Օգյուստը, հիմնվելով հայկական բաղադրատոմսի վրա, ստեղծում է նմանատիպ բուրավետ թղթեր՝ ստիրաքսի և այլ բուրավետ բույսերի եթերայուղերը լուծելով 90%-անոց սպիրտի մեջ և դրանց մեջ թրջելով հատուկ նուրբ ծծանաթուղթը։ Երկար չմտածելով և հանուն արդարության ֆրանսիացի «գյուտարարներն» իրենց արտադրանքն անվանում են «Հայկական թուղթ»։

Այն ցնցող տպավորություն գործեց ամբողջ Ֆրանսիայում։ Յուրօրինակ այդ անուշահոտությունը շատ արագ դարձավ սալոնների և բուդուարների ամենանորաձև բույրը։ Իսկ իր օգտակար հատկությունների շնորհիվ «Հայկական թուղթը» 1888 և 1889 թվականներին միջազգային ցուցահանդեսում արժանացավ հիգիենիկ միջոցների համար նախատեսված հատուկ մեդալի։ Հետզհետե թղթի համաբավը և հենց թուղթն ինքը տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ։

«Հայկական թուղթը» լայն տարածում ուներ Արևմտյան Հայաստանում՝ իր «հայրենիքում» և մեծ կիրառություն ունի մինչ օրս այնտեղ ապրող հայերի կենցաղում։

Ֆրանսիայում ավելի քան 120 տարի «Հայկական թղթի» հիմնական արտադրողը համարվում է Papier d’Armenie ֆաբրիկան, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ Մոնրուժի շրջանում։ Այն հիմնադրել է հենց ինքը՝ Օգյուստ Պոնսոն։ Տարիների ընթացքում պատրաստման տեխնոլոգիան մնացել է անփոփոխ։

Իտալիայում այն պատրաստվում և վաճառվում է «Carta D’Armenia» անվանումով։ «Հայկական թղթի» մասին հիշատակություն կա Ռոբեր Սաբատյեի «Շվեդական լուցկի» վեպում. «Հետո նա բլուզի գրապանից հանեց կանաչ փոքրիկ մի գրքույկ, բացեց դեղնավուն էջը, որի վրա նշմարվում էին պատռելու հատուկ փոքրիկ անցքերը, տրցակից պոկեց մի շերտ, մոտեցրեց մոմին, այրեց և նույն րոպեին հանգցրեց բոցը։ Թուղթն սկսեց կամաց մխալ։ Այս թուղթը Հայաստանից է,- ասաց աղջիկը։- Հոտ քաշեք, տեսեք ի¯նչ հրաշալի բույր ունի»։

Papier d'Armenie ընկերության հետ համագործակցել է հայկական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ օծանագործ Ֆրենսիս Քյուրքչյանը.

2006 թվականին, երբ Ֆրանսիայում նշվում էր Հայաստանի տարին, նա ստեղծեց նոր՝ հոբելյանական մի բույր Papier d’Armenie-ի համար։