Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-26 09:22
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԽՏ Է, ԵԹԵ ԱՅՍՏԵՂ ՏՈՒՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆԱՍ․ ԽԱՉԻԿ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Ճակատագրորեն մենք երկու հիմնական ուղղություն ունենք՝ Հայաստանից դուրս ու դեպի Հայաստան։

Խաչիկ Զեյթունցյանի նորաստեղծ ընտանիքը հինգ տարի առաջ ընտրեց երկրորդ ուղղությունը։ Ու կարծեք՝ չի զղջում․ Հայաստանում ունի գործ, մարդկային առողջ փոխհարաբերություններ,լիարժեք երջանիկ լինելու համար աշխատում է սեփական բնակարան ունենալու  ուղղությամբ։ 

2015-ին Հալեպում ամուսնացավ ու նույն թվականին տեղափոխվեցին Հայաստան․  Սիրիայում պատերազմ էր։  Եկան հասան, սկսեցին աշխատել ու կամաց-կամաց սկսվեց նոր կյանքը, պատմում է սիրիահայ  Խաչիկ Զեյթունցյանը։

«Հիմա պայքարում ենք, որ Հայաստանում  մնանք։ Ես քսան տարվա վարսավիր եմ։ Երբ Հայաստան եկանք, աշխատեցի տեղական սալոններուն մեջ, փորձեցի շուկային ծանոթանալ»։

Տարբեր սրահներում աշխատելուց ու շուկային ծանոթանալուց  հետո Խաչիկն այսօր իր սեփական տարածքը,  իր խոսքով՝ թագավորությունն   ունի արդեն, որտեղ ամեն ինչ սկսել է զրոյից, ինքնաշխատությամբ, ընդգծում է։ Օրվա մեջ 18-20 ժամ աշխատանք ու վազք, ահա թե ինչպես է հասել հաջողության։

«Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, վազվզուքի, պայքարի կարիք կա։ Մարդիկ առանց փորձելու հաճախ ասում են՝ Հայաստանում չեք կարա, նման բան չկա։  Եթե նորաոճ մի բան, նորություն ներկայացնեք, ամեն ինչ արվի, մնացածը երկրորդական կմնա։ Օրենքներին կարանք վարժվել, հաղթահարել, կարևորը գաղափարն է և բիզնեսին մոտեցումը»։

Հայաստանում  ընդունված մի բան կա․ մեկը մի գործ է հիմնում, տարածքում նույնը կրկնում են ուրիշները։ Խաչիկի հետ էլ նույնը պատահեց, բայց  թերությունն այս դեպքում նա հակված է որպես առավելություն ընդունել․

«Երբ իմ տարածքը բացեցի, երեք ամսվա մեջ երկու վարսավիրանոց բացվեց իմ կողքը։ Բայց ես դրական եմ նայում դրան, համարում եմ, որ նրանք ինձ ռեկլամ են անում։  Չեմ մտածում, որ  ինձ վնասում են։  Մեր ոլորտը անձի հետ կապված է, քիչ մը դժվար էդ բանը ինձ հետ լինի»։

Քեզ ընտրող հաճախորդն ուրիշի մոտ չի գնա։ Իսկ որպեսզի հաճախորդն ընտրի քեզ, իհարկե, ջանքեր ու համապատասխան մոտեցում է անհրաժեշտ։ Խաչիկի համոզմամբ՝ առողջ մրցակցությունը հիմնականում օգտակար է։ Միաժամանակ՝  չի ժխտում, որ նույն տարածքում գործունեության նույն տեսակի կուտակումը կարող է վնասել   յուրաքանչյուրի բիզնեսին։ Խնդիրը, ըստ նրա, օրենսդրական հստակ լուծում  ունի, ինչը կիրառվում  է, օրինակ,  Սիրիայում։

«Սիրիայում օրենք կար, որ հիսուն քառակուսի մետր տարածքում մեկ վարսավիրանոց պետք է լինի»։

Մարդկային հարաբերությունների, այդ առումով Հայաստանում հարմարվելու, չհարմարվելու մասին․

«Ես ընդհանրապես շփվում եմ տեղացիների հետ, իմ գործի 80 տոկոսը տեղացիների հետ է։ Ապշում եմ, երբ տարբերություն են դնում՝ սիրիացի, հայաստանցի․․․վերջապես բոլորս նույն լեզվով ենք խոսում չէ՞։ Ով պարապ ժամանակ շատ ունի, նա է զբաղվում էդ տեսակ բաներով»։

Գործ ու  նաև սեփական բնակարան. կարևորագույն նախապայմաններ հայրենիքում  հաստատվելու և երջանիկ ապրելու համար։  Առաջինը հաջողվել է, երկրորդի ուղղությամբ Զեյթունցյանների ընտանիքը աշխատում է։ Որտեղ քո տունն է, այնտեղ էլ հոգիդ է, սրանում Խաչիկը համոզվել է։ Եթե բնակարանի հարցը լուծվեր, բազմաթիվ սիրիահայեր Հայաստանից չէին հեռանա, ասում է։

«Դա միակ լուծումն է, որպեսզի հայրենադարձների քանակը Հայաստանում ավելանա։ Այստեղ երիտասարդների թվի պակաս կա, ամեն ինչ պիտի անենք, որ երիտասարդները գան այստեղ․․․»։

Զրուցակցիս համոզմամբ՝ Հայաստանը դրախտ է, եթե այստեղ տուն ու աշխատանք ունենաս։